Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյանը հայտարարել է, որ նոյեմբերի լույս 4-ի գիշերը բավականին թեժ է եղել Շուշիում, Ադրբեջանը քաղաքացիական օբյեկտները ևս թիրախավորել է՝ կան վիրավորներ և բավականին մեծ ավերածություններ։
Նա նշել է, որ նոյեմբերի 3-ին Շուշին, Մարտունին և այլ բնակավայրեր, թիրախավորվել են նաև կասետային զինատեսակներով։ Բեգլարյանը նշել է, որ դա միջազգային իրավունքով արգելված զինատեսակ է՝ հատկապես քաղաքացիական օբյեկտների դեմ կիրառման առումով։
«Գիշերը Մարտունի քաղաքը նույնպես թիրախավորվել է, կան ավերածություններ։ Բարեբախտաբար, մարդկային կորուստներ, վիրավորներ չկան»,- ասել է Բեգլարյանը՝ նշելով, որ թիրախավորվել են նաև մի շարք գյուղական համայնքներ։
Նոյեմբերի 3-ին Ստեփանակերտի թիրախավորման հետևանքով 2 վիրավոր կար քաղաքացիական անձանց շրջանում։
Բեգլարյանը ներկայացրել է նաև կորուստները քաղաքացիականների շրջանում՝ 46 զոհ և առնվազն 144 վիրավոր։ Նա նշել է, որ սրանք դեռևս առկա տվյալներն են, քանի որ մարտական գործողությունները շարունակվում են։
ՄԻՊ-ը տեղեկացրել է նաև, որ ավելի քան 13,800 անշարժ մասնավոր գույք է վնասվել, 2100 մեքենա, ինչպես նաև մոտ 3100 ենթակառւցվածք, հանրային նշանակության օբյեկտներ: Վնասվել է 61 դպրոց և 10 մանկապարտեզ:
Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։





