Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության օպերատիվ խմբի ղեկավար Իգոր Կուտրովսկու հետ հանդիպմանը քննարկել է ականազերծման, ենթակառուցվածքների վերականգնման, ինչպես նաև անօթևան մնացած բնակիչներին կացարաններով ապահովելուն վերաբերող հարցեր:
Հանդիպմանը մասնակցել են ԱՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը, Պաշտպանության բանակի հրամանատարի տեղակալ Բորիս Դավիդովը, տեղեկացնում է Արցախի նախագահի աշխատկազմը:
Սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ Ադրբեջանը պատերազմ էր սանձազերծել՝ ահաբեկիչ-վարձկանների ու թուրքերի անմիջական աջակցությամբ։ Նոյեմբերի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՌԴ ու Ադրբեջանի նախագահների հետ պատերազմի դադարեցման համաձայնության է եկել։ Ըստ դրա՝ Ադրբեջանը և Հայաստանը կանգ առան իրենց զբաղեցրած դիրքերում: Իսկ ՌԴ խաղաղապահները տեղակայվեցին ԼՂ շփման գծի երկայնքում և Հայաստանի հետ կապող միջանցքում: Պատերազմի ընթացքում հայկական կողմը տարածքային կորուստներ ունեցավ որոշ ուղղություններով, այդ թվում կորցրեց Շուշին։ Բացի այդ, ըստ եռակողմ հայտարարության, հայկական կողմը հետ քաշեց զորքերը Աղդամից, Քարվաճառից և Լաչինից։





