AM
12 Դեկտեմբեր 2020 - 09:58 AMT

Լավրովը պարզաբանել է՝ ինչու ԼՂ կարգավորման Իրանի պլանն ուշադրության չարժանացավ

ԼՂ-ում հակամարտության կարգավորման ձևաչափի ընտրությունն Ադրբեջանն ու ՀՀ-ն պետք է կատարեին՝ դրանով էլ պայմանավորված է եռակողմ հայտարարության մասնակիցների կազմը և այն, որ Իրանի խաղաղ կարգավորման պլանն ուշադրությունից դուրս մնաց։ Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։

«Հիմա պետք չէ մտածել, թե ով, երբ հասցրեց կամ չհասցրեց օգնել կարգավորմանը։ Ընդգծեմ, որ ձևաչափն ընտրել են Ադրբեջանն ու Հայաստանը։ Հենց դրանով, և ոչ թե ինչ-որ այլ հանգամանքով էր պայմանավորված հայտարարության մասնակիցների կազմը։ Ոչ մի փորձ դա անելու Իրանի, կամ Թուրքիայի հաշվին չի եղել և չէր կարող լինել։ Հիմա կարևոր է մտածել, թե ինչպես ավարտին հասցնել բոլոր պայմանավորվածությունները և հակամարտության տարածաշրջանը վերածել գոյակցության, իսկ ավելի լավ կլինի՝ համագործակցության տարածաշրջանի»,- ասել է նախարարն Իրանի պետական հեռուստատեսությանը տված հարցազրույցում, գրում է ՌԻԱ Նովոստին։

«ԼՂ դեպքում մենք ձգտել ենք կանգնեցնել արյունահեղությունը։ Հակամարտության կողմերը՝ Հայաստանն ու Ադրբեջանը շահագրգռվածություն դրսևորեցին անելու դա ՌԴ միջնորդությամբ։ Այստեղ ոչ մի «հետին միտք» չկա։ Ի դեպ, ես չեմ հիշում, որ իմ նախարարության բոլոր տարիներին իրանցի իմ գործընկերների հետ բազմաթիվ շփումներում Ղարաբաղի թեման հետաքրքրություն առաջացներ կամ հնչեր մեր բանակցությունների կամ հանդիպումների ժամանակ»,- ասել է նա։

Նա նշել է, որ Իրանի մտահոգությունները հասկանալի են, քանի որ Ադրբեջանի և ՀՀ միջև հարաբերությունների կարգավորումը կազդի նաև Իրանի տարանցիկ շահերի վրա, առավել ևս, որ այդ շահերը սրվում են մի իրավիճակում, երբ ամերիկացիները պատժամիջոցներ են սահմանում Իրանի դեմ։

«Անհնար է հրաժարվել գլխավոր սկզբունքից, որին տարիներ շարունակ բոլորն են հավանություն տվել․ հակամարտության արդյունքը պետք է լինի հարաբերությունների կարգավորումն ամբողջ տարածաշրջանում։ Եռակողմ հայտարարության մեջ հստակ գրանցված են հիմնական ուղղությունները, որոնք կային նաև հակամարտության թեժ պահին ի հայտ եկած Իրանի նախաձեռնության մեջ»,- ասել է Լավրովը։

Սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ Ադրբեջանը պատերազմ էր սանձազերծել՝ ահաբեկիչ-վարձկանների ու թուրքերի անմիջական աջակցությամբ։ Նոյեմբերի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՌԴ ու Ադրբեջանի նախագահների հետ պատերազմի դադարեցման համաձայնության է եկել։ Ըստ դրա՝ Ադրբեջանը և Հայաստանը կանգ առան իրենց զբաղեցրած դիրքերում: Իսկ ՌԴ խաղաղապահները տեղակայվեցին ԼՂ շփման գծի երկայնքում և Հայաստանի հետ կապող միջանցքում: Պատերազմի ընթացքում հայկական կողմը տարածքային կորուստներ ունեցավ որոշ ուղղություններով, այդ թվում կորցրեց Շուշին։ Բացի այդ, ըստ եռակողմ հայտարարության, հայկական կողմը հետ քաշեց զորքերը Աղդամից, Քարվաճառից և Լաչինից։