Արցախի «Ազգային վերածնունդ» կուսակցության նախագահ Հայկ Խանումյանը հանդիպել է ռուս խաղաղապահների հրամանատարությանը և պատմել հանդիպման արդյունքներից։
Նրա խոսքով` ռուսական դիրքորոշումները հստակ են՝ համաձայնագրի կետերը պետք է պահպանվեն։ Հրապարակված նոր քարտեզում ավելացել են ռուսական նոր դիտակետեր, այդ թվում՝ Հին Թաղերում։
«Պետք է գիտակցել, որ խաղաղապահ առաքելությունն ունի սահմանափակ անձնակազմ և չի կարող իր վրա վերցնել սահմանների պաշտպանությունը։ Վերջինը միայն ու միայն Արցախի Հանրապետության իրավունքն ու պարտականությունն են», – գրել է նա ֆեյսբուքյան իր էջում։
Նրա խոսքով` ապատեղեկատվությունն ու անիմաստ ինտրիգներն աջակցում են թշնամու զավթողական գործողություններին, որոնք շարունակվել են նաև դեկտեմբերի 13-ին։
Դեկտեմբերի 12-ին Ադրբեջանի գրոհով բռնկված մի քանի ժամ տևած մարտերի հետևանքով հակառակորդին հաջողվել է մտնել Հին Թաղեր գյուղ, ինչպես նաև ընդհուպ մոտենալ Խծաբերդ գյուղին։
ՀՀ ՊՆ-ն հայտարարել էր, որ Հադրութի շրջանում ընթանում են բանակցություններ հայ, ռուս և ադրբեջանցի զինվորականների միջև՝ ստեղծված իրավիճակը հանգուցալուծելու, կողմերը նախկին բնագծեր վերադարձնելու շուրջ։
Դեկտեմբերի 13-ին ՀՀ արտգործնախարարությունը հայտարարել էր, որ ադրբեջանական ուժերը սադրիչ գործողությունները շարունակել են նաև Մեծ Շեն և Հին Շեն բնակավայրերի ուղղությամբ:





