AM
12 Մարտ 2021 - 12:12 AMT

Զախարովա․ Երևանն ու Բաքուն դրական են տրամադրված ԼՂ գծով եռակողմ աշխատանքային խմբի գործունեությանը

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Երևանն ու Բաքուն դրական են տրամադրված ԼՂ գծով եռակողմ աշխատանքային խմբի գործունեությանը։

«Ընդհանուր առմամբ, մենք նկատում ենք կառուցողական տրամադրվածությունը, որը ցուցադրում են Բաքուն և Երևանը ՌԴ, Ադրբեջանի և ՀՀ փոխվարչապետերի նախագահությամբ գործող եռակողմ աշխատանքային խմբի շրջանակում»,-ասել է դիվանագետը, գրում է ՏԱՍՍ-ը։

Զախարովան հիշեցրել է, որ խմբի գլխավոր նպատակը տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման մասին բարձրագույն մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացումն է։

«Մենք հուսով ենք, որ նման դրական տրամադրվածությունը և փոխընդունելի շփման կետերի որոնումը կգերակշռեն ինչպես Ադրբեջանի և ՀՀ պաշտոնական մեկնաբանություններում, այնպես էլ այդ երկրների մեդիադաշտում»,-ասել է Զախարովան։

Հունվարի 11-ին Մոսկվայում կայացած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպման արդյունքներով ընդունվել է համատեղ հայտարարություն, ըստ որի տարածաշրջանում տնտեսական և տրանսպորտային բոլոր կապերն ապաշրջափակելու նպատակով եռակողմ աշխատանքային խումբ է ստեղծվել։ Աշխատանքային խումբը ՀՀ-ից գլխավորում է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։