AM
15 Սեպտեմբեր 2022 - 11:04 AMT

Գերմանացի պատգամավորը բարոյազուրկ է անվանել ԵՄ հանձնաժողովի նախագահին Ալիևի հետ գործակցելու համար

Եվրախորհրդարանի սեպտեմբերի 14-ի նիստում գերմանացի պատգամավոր, ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության հանձնաժողովի անդամ Մարտին Զոննեբորնը քննադատել է Եվրոպական միությանը Հայաստանի վրա հարձակված Ադրբեջանի բռնապետ նախագահ Իլհամ Ալիևի հետ համագործակցության համար, գրում է «Հետքը»։

Իր խոսքը, մասնավորապես, ուղղելով Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենին՝ նախկինում լրագրող, Die PARTEI կուսակցության հիմնադիր Զոննեբորնն ասել է. «Մեզ պոկելով գազի մի մատակարարից՝ Պուտինից, դուք մեզ համար գտել եք մեկին, որը դաժան պատերազմ է վարում՝ Ալիևին։ Եվ մինչ գերմանական բազմաթիվ լրատվամիջոցներ լուռ են, նախկինում բռնապետ, իսկ հիմա ձեր բնութագրմամբ՝ վստահելի գործընկեր Ալիևը հարձակվել է ժողովրդավարական Հայաստանի վրա։ Մեր նոր լավագույն ընկեր Ադրբեջանը Ռուսաստանից էլ հեռու է ժողովրդավարության, մամուլի ազատության և քաղաքացիական ազատությունների առումով»։

Ըստ պատգամավորի՝ Ալիևն առաջամարտիկ է միայն Քրիստոնեա-դեմոկրատական միության կոռումպացված գործիչներին կաշառելու գործում (որի անդամ է Ուրսուլա ֆոն դեր Լեյենը-խմբ.)։

«Երբ դուք սկսեցիք ձեր ծառայությունն այստեղ, ես մտածում էի, որ դուք պարզապես ոչ կոմպետենտ եք և մի քիչ հանցագործ, հիմա գիտեմ, որ դուք զուրկ եք բարոյականությունից։ Ես չգիտեմ՝ այլևս ինչ ասել Եվրամիության վիճակի մասին, միայն մի բան՝ մենք չպետք է թողնենք ԵՄ-ն լեյեններին»,- ելույթն ավարտել է Զոննեբորնը։

Սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Կան զոհեր ու վիրավորներ։ Հակառակորդը կիրառում է նաև ԱԹՍ-ներ: Օրվա ընթացքում հակառակորդը շարունակել է Վարդենիսի, Սոթքի, Արտանիշի, Իշխանասարի, Գորիսի և Կապանի ուղղություններով կիրառել հրետանային միջոցներ, ականանետեր, ԱԹՍ-ներ և խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներ՝ թիրախավորելով թե՛ ռազմական, և թե՛ քաղաքացիական ենթակառուցվածքները։

Սեպտեմբերի 14-ի առավոտյան լարված իրավիճակը հայ–ադրբեջանական սահմանին պահպանվում է։ ժամը 08։00-ից սկսած հակառակորդը կրկին նախահարձակ գործողություններ է սկսել, մասնավորապես` Ջերմուկի ու Վերին Շորժայի ուղղությամբ։ ադրբեջանցիները կիրառում են հրետանային միջոցներ, ականանետեր, իսկ Ջերմուկի ուղղությամբ հակառակորդը կիրառել է հարվածային ԱԹՍ-ներ։

ԱԺ-ում ունեցած ելույթում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ հայկական կողմը սեպտեմբերի 14-ի դրությամբ 105 զոհ ունի։