Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր Վալերի Բուայեն, անդրադառնալով Ադրբեջանի ագրեսիային ՀՀ դեմ, հայտարարել է, որ Ֆրանսիան չպետք է բավարարվի ՀՀ և Ադրբեջանի միջև հրադադարը պահպանելու պահանջով։ Այդ մասին նա գրառում է կատարել Twitter-ի իր միկրոբլոգում։
«Ֆրանսիան պետք է պահանջի պատժամիջոցներ սահմանել ագրեսոր Ադրբեջանի դեմ, որին սատարում է Թուրքիան։ Այն, ինչ արդարացի է Ռուսաստանի մասով, պետք է արդարացի լինի նաև այս բռնապետության համար»,- ասվում է գրառման մեջ։
Սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Կան զոհեր ու վիրավորներ։ Հակառակորդը կիրառում է նաև ԱԹՍ-ներ: Օրվա ընթացքում հակառակորդը շարունակել է Վարդենիսի, Սոթքի, Արտանիշի, Իշխանասարի, Գորիսի և Կապանի ուղղություններով կիրառել հրետանային միջոցներ, ականանետեր, ԱԹՍ-ներ և խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներ՝ թիրախավորելով թե՛ ռազմական, և թե՛ քաղաքացիական ենթակառուցվածքները։
Սեպտեմբերի 14-ի առավոտյան լարված իրավիճակը հայ–ադրբեջանական սահմանին պահպանվում է։ ժամը 08։00-ից սկսած հակառակորդը կրկին նախահարձակ գործողություններ է սկսել, մասնավորապես` Ջերմուկի ու Վերին Շորժայի ուղղությամբ։ ադրբեջանցիները կիրառում են հրետանային միջոցներ, ականանետեր, իսկ Ջերմուկի ուղղությամբ հակառակորդը կիրառել է հարվածային ԱԹՍ-ներ։
ԱԺ-ում ունեցած ելույթում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ հայկական կողմը սեպտեմբերի 14-ի դրությամբ 105 զոհ ունի։





