Իսրայելի տասնյակ հայտնի գիտնականներ, հասարակական գործիչներ և լրագրողներ բաց նամակ են հղել երկրի ԱԳ նախարար Էլի Քոենին՝ կոչ անելով սատարել Արցախի հայությանը, որը շրջափկամն է ենթարկվում Ադրբեջանի կողմից։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է հայտնի բլոգեր Ալեքսանդր Լապշինը։
Նշվում է, որ Լաչինի միջանցքը միակ ճանապարհն է, որը կապում է Լեռնային Ղարաբաղն արտաքին աշխարհի հետ։
Նամակում ասվում է՝ քանի որ Իսրայելը բարեկամական հարաբերություններ ունի թե Ադրբեջանի, թե Ռուսաստանի հետ, պետք է միջամտի և վերջ դնի հումանիտար ճգնաժամին։
Դեկտեմբերի 12-ին Լաչինի միջանցքի Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ կրկին բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: Դեկտեմբերի 13-ին Ադրբեջանը նաև փակել էր գազի մուտքը Լեռնային Ղարաբաղ, որի մատակարարումը վերականգնվել է դեկտեմբերի 16-ի առավոտյան։
Հունվարի 10-ից Արցախում հովհարային անջատումներ են սկսվել, քանի որ ադրբեջանական կողմի ապակառուցողական դիրքորոշման պատճառով հնարավոր չէ իրականացնել շրջայց և կազմակերպել վթարավերականգնողական աշխատանքներ Գորիս-Ստեփանակերտ 110 կՎ Արցախը Հայաստանից սնուցող միակ բարձրավոլտ գծի 33-րդ կմ-ում, որտեղ վթար է եղել։ Հունվարի 12-ի երեկոյան ընդհատվել էր ֆիքսված ինտերնետ և բջջային հեռախոսային կապն Արցախի հետ։ Մեկ օր անց ինտերնետի հասանելիությունն ԱՀ ամբողջ տարածքում վերականգնվել է։





