Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հունվարի 16-ին Ազգային ժողովում պատգամավորների հետ հանդիպմանը, անդրադառնալով վերջին օրերին մամուլում և սոցիալական ցանցերում ԱՀ ներքաղաքական կյանքի վերաբերյալ բուռն քննարկումներին, ասել է, որ երկրում ներքաղաքական ճգնաժամ չկա։
Հարությունյանը նշել է, որ զերծ կմնա եղած շահարկումները մեկնաբանելուց, ընդամենը կարող է հստակ ասել, որ չի կարելի նման բան թույլ տալ, քանի որ կա հստակ գիտակցում, որ հիմնական օրակարգը ծագած հրատապ խնդիրները հաղթահարելն է ու Արցախն այս իրավիճակից դուրս բերելը:
Այդ համատեքստում նա շեշտադրել է, որ միայն շրջափակման հարուցած ճգնաժամի հաղթահարումից հետո հնարավոր կլինի անդրադառնալ ներքաղաքական հիմնախնդիրների համակարգային լուծման հարցերին:
Նա խոսել է ավելի քան մեկ ամիս տևող շրջափակման հետևանքների, ներքին և արտաքին մարտահրավերներին դիմագրավելուն ուղղված ձեռնարկվող քայլերի մասին: Նախագահ Հարությունյանի խոսքով՝ այս համատեքստում շատ կարևոր է ներքին միասնականության պահպանումը՝ այդ գործում ընդգծելով խորհրդարանական ուժերի կողմից այս օրերին իրականացվող միահամուռ աշխատանքը:
Հանդիպման ընթացքում նախագահ Հարությունյանը նաև պատասխանել է պատգամավորներին հուզող հարցերին:
Ավելի վաղ լուրեր էին տարածվել, որ ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը առաջարկել է Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանին միասին հրաժարական տալ, ինչին կհաջորդեին արտահերթ նախագահական և խորհրդարանական ընտրություններ։ Պետնախարար Ռուբեն Վարդանյանը հայտարարել է, որ հրաժարական չի պատրաստվում ներկայացնել։
«Ես չեմ պատրաստվում հրաժարական տալ, առավել ևս՝ ստեղծված իրավիճակում։ Միևնույն ժամանակ, անընդունելի է երկրի նախագահի, հետևաբար՝ նաև խորհրդարանի հնարավոր հրաժարականը»,-գրել էր նա։





