Պոլսի Հայոց պատրիարքարանը պոլսահայ հոտի անդամ Լևոն Գագաչյանին բանադրելու վերաբերյալ հաղորդագրություն է տարածել` նշելով, որ եկեղեցու դռները միշտ բաց են ապաշխարելու պատրաստ անձանց առաջ։
Ավելի վաղ տեղեկացվել էր, որ հիշյալ անձին մեկ շաբաթ ժամանակ է տրվել ապաշխարելու համար, սակայն դա չի ընդունվել Գագաչյանի կողմից, գրում է Ermenihaber-ը։
«Բանադրված անձը չի կարող օգտվել եկեղեցական որևէ ծառայությունից, և հանգուցյալը չի կարող թաղվել եկեղեցական կարգի համաձայն։ Նման անձը կամ անձինք չեն կարող մասնակցել Տիրոջ ընթրիքի արարողությանն ու ստանալ սուրբ հաղորդություն։ Սակայն, անշուշտ, եթե տվյալ անձը կամ անձինք ապաշխարեն, բանադրանքը կարող է հանվել»,-ասվում է Պատրիարքարանի հաղորդագրության մեջ։
Կ. Պոլսի հայոց պատրիարքարանը բանադրել է (հեռացնել եկեղեցու շարքերից) պոլսահայ համայնքի ներկայացուցիչներից մեկին: Պատրիարքարանի այս որոշումը աղմուկ է բարձրացրել համայնքում, քանի որ նման որոշում եկեղեցին չէր կայացրել իր հոտի անդամների վերաբերյալ ավելի քան մեկ դար:
Նշվում է, որ պոլսահայ ոսկերիչ Լևոն Գագաչյանի՝ հայ առաքելական եկեղեցուն անդամակցելը կասեցնելու որոշման պատճառը եղել է սոցիալական ցանցերում պատրիարքարանի ու դրա ղեկավար հոգևորականների հասցեին նրա արած գրառումները: Պատրիարքարանի հայտարարության մեջ նշվում է, որ Գագաչյանին 1 շաբաթ ժամանակ է տրվել սոցմեդիայում պատրիարքի ու եկեղեցու մյուս ծառայողների մասին գրառումները դադարեցնելու, եղածները ջնջելու և ապաշխարելու համար:





