Արցախի պետական նախարար, օպերատիվ շտաբի պետ Ռուբեն Վարդանյանը փետրվարի 17-ին ընդլայնված խորհրդակցության ժամանակ ներկայացրել է պաշտոնավարման 100 օրվա ընթացքում կատարված և նախանշված աշխատանքները՝ նշելով, որ հանգամանքների բերումով այդ ժամանակահատվածից 67-ը եղել են շրջափակման օրերը: Նա ընդգծել է, որ աշխատանքն արվել է շրջափակման ընթացքում համախմբված ամբողջ թիմով։
Նկատելով, որ 35 տարի առաջ ճիշտ այս օրերին սկսվեց ղարաբաղյան շարժումը՝ Ռուբեն Վարդանյանը նշել է, որ այսօր ևս արցախահայության պայքարը շարունակվում է և որ այքարել չի նշանակում միայն պատրաստվել պատերազմի, պայքարել նշանակում է կատարել շատ մեծ, լուրջ, ամենօրյա աշխատանք բոլոր ուղղություններով:
«Այն ժամանակ ժողովուրդը դուրս եկավ հրապարակ և ասաց, որ Լեռնային Ղարաբաղը պետք է լինի ազատ և հայկական։ Քչերն էին հավատում, որ հնարավորություն կա այդ իրավիճակը փոխելու։ Բայց դուք դա արեցիք, և շատ խորհրդանշական է, որ մենք այս մասին խոսում ենք դարձյալ փետրվարին և կանգնած ենք որոշում կայացնելու առջև: Վերջին ամիսներին ես շատ եմ լսել՝ ի՞նչ է նշանակում պայքար։ Ես ասում եմ՝ պայքարելն առաջին հերթին դա կամքն է, որն առաջ է տանում, երկրորդը՝ անում ես քայլեր, որոնք կարևոր են»,-ասել է նա։
Պետնախարարը նկատել է, որ չնայած ճգնաժամի ու շրջափակման դժվարություններին` այն նաև ցույց է տվել, որ Արցախում մարդիկ պատրաստ են պայքարի և անտարբեր չեն։
«Ճգնաժամը ցույց տվեց, որ մենք շատ ուժեղ ժողովուրդ ունենք: Երբ կա հավատ, մարդիկ պատրաստ են դիմանալ ամեն ինչի: Արցախցու դիրքորոշումն օգնեց ոչ միայն արցախցուն, այլ ամբողջ Հայկական աշխարհին։ Այդ առումով մենք պետք է հասկանանք, որ այս միասնությունը, որը դրսևորվեց այս օրերին, մեր հաջողությունն է, և մենք պետք է կարողանանք դա պահպանել»»,- ասել է նա։
Պետնախարարը մանրամասն ներկայացել է կառավարության գործունեության սկզբունքները, առկա մարտահրավերները, գերակայություններն ու այն հիմնական ուղղությունները, որոնցով համատեղ կատարվել են և պետք է շարունակվեն աշխատանքները, ինչպես նաև խոսել է ռիսկերի և չիրականացված աշխատանքների մասին:
Դեկտեմբերի 12-ին Լաչինի միջանցքի Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: Դեկտեմբերի 13-ին Ադրբեջանը նաև փակել էր գազի մուտքը ԼՂ, որի մատակարարումը վերականգնվել է դեկտեմբերի 16-ին, որից հետո գազը պարբերաբար անջատվում է, միացվում մասնակի, կրկին անջատվում։ Հունվարի 10-ից Արցախում հովհարային անջատումներ են` հնարավոր չէ վերացնել վթարը Գորիս-Ստեփանակերտ միակ բարձրավոլտ գծի 33-րդ կմ-ում։ Առաջին անհրաժեշտության սննդամթերքը վաճառվում է կտրոններով։





