AM
25 Հուլիս 2025 - 15:06 AMT

Մինասյան․ Վարդավառը չի չեղարկվել՝ Գյումրին ամեն տարվա նման տոնելու է ինչպես Վարդավառը, այնպես էլ հնարավոր բոլոր տոները

Գյումրու ավագանու անդամ Սարիկ Մինասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին չի չեղարկել Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնը, «Վարդավառի միջոցառումները չեն կարող չեղարկվել նաև Գյումրիում»:

Նա հավելել է, որ Գյումրին ամեն տարվա նման տոնելու է ինչպես Վարդավառը, այնպես էլ հնարավոր բոլոր տոները

«Որևէ մեկը՝ անկախ իր քաղաքական պատկանելիությունից, նպատակներից ու ձգտումներից իրավունք չունի եկեղեցական տաղավար տոնի միջոցառումները սեփական ցանկությամբ արտոնել կամ ի կատար չածել:

Անհարկի երեսպաշտության հերթական ձախողված փորձը՝ քաղաքական ենթատեքստով, անհամատեղելի է հոգևոր արժեքների, եկեղեցու սկզբունքների և շատ այլ գաղափարների հետ:

Տոնը կազմակերպվել և կազմակերպվելու է բացառապես գյումրեցիների վճարած հարկերից, տուրքերից և որևէ մեկն իրավունք չունի խլել այն գյումրեցիներից, հատկապես երեխաներից ու պարտադրանքի լեզվով խոսել քաղաքի հետ»,–ասվում է գրառման մեջ։

Ավելի վաղ Գյումրու ավագանու անդամ, պրոդյուսեր Ռուբեն Մխիթրայնը ֆեյսբուքյան իր էջում հայտնել էր, որ «Գյումրու Վարդանանց հրապարակում Վարդավառի մեծ միջոցառում չի լինի»՝ հաշվի առնելով Շիրակի թեմի առաջնորդ «Միքայել սրբազանի քաղաքական բանտարկությունը»։

«Այս տարի Գյումրու քաղաքապետարանի հետ պլանավորել էինք Քրիստոսի Պայծառակերպության տոնը և Վարդավառը նշել մեծ շուքով ու յուրահատուկ լուծումներով, որը զբոսաշրջիկների մեծ հոսք կապահովեր Գյումրի:

Սակայն հաշվի առնելով Շիրակի թեմի առաջնորդ Միքայել սրբազանի քաղաքական բանտարկությունը և համարելով քրիստոնեական սույն տոնը տվյալ ժամանակահատվածում առանց մեր սրբազանի ներկայության տոնելը անպատեհ և հավատավոր հոտին ոչ վայել, մենք որոշել ենք զերծ մնալ Գյումրու Վարդանանց հրապարակում Վարդավառի մեծ միջոցառում կազմակերպելուց:

Մեր համաքաղաքացիներին և Գյումրիի հյուրերին հորդորում ենք մասնակցել Քրիստոսի Պայծառակերպության տոնի Սուրբ պատարագին հայրաքաղաքի եկեղեցիներում, իսկ Վարդավառը տոնել բակերում և թաղերում այնպես, ինչպես եղել է միշտ:

Աստված պահապան Միքայել և Բագրատ սրբազաններին: Ազատություն հոգևոր հայրերին»,–ասվում է Մխիթարյանի գրառման մեջ։

Քրիստոսի Պայծառակերպության տոնն այս տարի նշվում է հուլիսի 27–ին։