Հայաստանի ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների ցանկը համալրվել է 12-ով, հայտնում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը։
Ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում ընդգրկված արժեքները հայ ժողովրդի մշակութային ինքնատիպության, պատմական հիշողության և ազգային ինքնության կարևոր արտահայտություններն են։ Դրանց պահպանումը, փոխանցումն ու հանրահռչակումը կարևոր դեր ունեն սերունդների միջև մշակութային շարունակականության ապահովման և միջազգային մշակութային հարթակներում Հայաստանի ճանաչելիության բարձրացման գործում։
Նոր ընդգրկված տարրերն են՝
- «Լուսատուների հետ կապված եղանակի կանխատեսման ժողովրդական գիտելիքներ»
- «Օրորոցային երգերը ՀՀ Շիրակի մարզի համայնքներում»
- «Գաթանախշի պատրաստման և կիրառման ավանդույթը»
- «Խաբ ու խազ (կաթփոխ)»
- «Թմբուկի (դհոլ, գոս՝ մեծ թմբուկ) պատրաստման և կիրառման ավանդույթը»
- «Որսորդներ ու բադեր» գնդակախաղ
- «Թաք ծաղկեցավ» երգ
- «Համայնքային փոխօգնության ձևերը Գավառի թաղման ծեսում»
- «Կանեփով քուֆթայի պատրաստումը և կիրառումը Մարտունի համայնքում»
- «Ձկով տոլմայի պատրաստումը Սևան համայնքում»
- «Չորթնե տոլմայի պատրաստումը Վարդենիսի համայնքներում»
- «Չիլինկի փետ» ավանդական խաղը Ճամբարակ համայնքում:
Գործընթացի իրականացման հիմք է հանդիսանում «Հայաստանի Հանրապետության ոչ նյութական մշակութային արժեքների ցանկերի կազմման չափորոշիչները և ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների ցանկը հասատատելու մասին» ՀՀ կառավարության 2010 թվականի մարտի 11-ի N 310-Ա որոշումը։





