Տեսողության խնդիրներ ունեցող մարդիկ կկարողանան տեսնել EURO-2012 խաղերը աուդիո նկարագրող մեկնաբանության շնորհիվ: Հատուկ ուսուցանված մեկնաբանները նկարագրելու և բացատրելու են այն ամենը, ինչ տեղի է ունենում ֆուտբոլային դաշտում: Յուրաքանչյուր մարզադաշտում կլինեն 30 հատուկ աուդիոսարքեր, որոնց միջոցով տեսողության խնդիրներ ունեցող մարդիկ կկարողանան «տեսնել» ֆուտբոլային խաղերը:
Այս ծրագիրն իրականացվում է ՈւԵՖԱ-ի միջազգային «EURO 2012: Respect Inclusion – Football with No Limits» ծրագրի շրջանակներում: Այն Ուկրաինայում համարվում է նորարարություն, սակայն բազմաթիվ եվրոպական մարզադաշտեր արդեն մի քանի տարի է նման ծառայություններ են մատուցում:
Ուկրաինայում ավելի քան 600 հազար մարդ ունի տեսողական խնդիրներ, նրանց 18 տոկոսնն առհասարակ կույր է: Ընդ որում, ՈւԵՖԱ-ի տվյալներով ավելի քան 2,5 հազար մարդիկ, ովքեր ունեն հատուկ պահանջներ, ներկա կգտնվեն Եվրոպայի ֆուտբոլի առաջնությանը:





