Աշխարհի առաջին և երկրորդ ռակետներ սերբ Նովակ Ջոկովիչը և իսպանացի Ռաֆայել Նադալը ցուցադրական խաղ կանցկացնեն Մադրիդի «Ռեալի» մարզադաշտում, հաղորդում է Eurosport-ը:
Հանդիպումը տեղի կունենա հուլիսի 14-ին «Սանտյագո Բերնաբեուում», և սպասվում է, որ խաղին ներկա կգտնվի ավելի քան 80 հազար հանդիսատես: Բոլոր հավաքված միջոցները կուղղվեն Նադալի և Մադրիդի «Ռեալի» բարեգործական հիմնադրամներին:
Վերջիններս օժանդակում են երեխաներին և երիտասարդությանը` առաջարկելով կրթական ծրագրեր` որպես ինտեգրման սոցիալական գործիքներ:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Նադալի հետ կխաղա աշխարհի երրորդ ռակետ շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերը: Սակայն ինչպես հետագայում հաղորդել էր շվեյցարացու մենեջերը, Ֆեդերերը ստիպված էր հրաժարվել. «Նա ունի Օլիմպիական խաղերի նախապատրաստման շատ հստակ գրաֆիկ, իսկ այս խաղը համընկնում է նախապատրաստական ժամանակահատվածին»,-ասել է մենեջերը:





