AM
23 Ապրիլ 2012 - 10:15 AMT

Չինաստանի վարկանիշային մրցաշարին Ռոման Ամոյանի փոխարեն կմասնակցի Ռոբերտ Կիրակոսյանը

Ըմբշամարտի երկրորդ վարկանիշային մրցաշարում, որը ապրիլի 27-29 տեղի կունենա չինական Տայյուան քաղաքում, հայ հունահռոմեական ոճի ըմբիշները հանդես կգան 4 քաշային կարգերում:

PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի փոխնախագահ Հրանտ Ենոքյանը ասել է, որ Չինաստան կմեկնեն Ռոբերտ Կիրկաոսյանը (55կգ ք/կ), Արթուր Մկրտչյանը (60կգ ք/կ), Արամ Ջուլֆալակյանը (66կգ ք/կ) և Տիգրան Սահակյանը (84կգ ք/կ): Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանը Ռոման Ամոյանին հանգստանալու հնարավորություն է տվել: Նա Բուլղարիայի վարկանիշային մրցաշարում կարողացել է ուղեգիր նվաճել: Եթե Չինաստանում Կիրակոսյանին չհաջողվի ուղեգիր նվաճել, Ֆինլանդիայի մրցաշարին դարձյալ կմասնակցի Ամոյանը:

Հայ հունահռոմեական ոճի ըմբիշները արդեն նվաճել են Լոնդոնի Օլիմպիական խաղերի 3 ուղեգիր: Այս հանգստյան օրերին Լոնդոնում իրենց մասնակցությունն են ապահովել Եվրոպայի 2012թ չեմպիոն Արթուր Ալեքսանյանը (96կգ ք/կ) և 2012թ Եվրոպայի բրոնզե մեդալակիր Յուրի Պատրիկեևը (120կգ ք/կ): 2011թ Ստամբուլում աշխարհի առաջնության ժամանակ առաջին ուղեգիրը նվաճեց Արսեն Ջուլֆալակյանը (74կգ ք/կ):