Դոնեցկի «Մետալուրգի» հարձակվող կիսապաշտպան Գևորգ Ղազարյանը Ուկրաինայի գավաթի կիսաեզրափակչում «Կարպատներին» հաղթելուց հետո նշել է, որ բոլոր ֆուտբոլիստները նյարդայնանում էին:
«Պետք էր կատարել մարզչի հրահանգը: Կարծում եմ, որ մենք ավելին արեցինք հաղթանակի հասնելու համար: Լավ է, որ ամեն ինչ այսպես ավարտվեց»,- Ղազարյանի խոսքերը հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը:
«Մետալուրգն» այս խաղում հաղթանակի է հասել 11-մետրանոց հարվածների շարքով 7:6 հաշվով: Ղազարյանը նույնպես իրացրել է 11-մետրանոց հարված: Նա խոստովանել է, որ այդ հաղթանակը միշտ կհիշի. «Իմ կարիերայում դա 11-մետրանոցների առաջին շարքն էր , երբ ամեն ինչ որոշվում էր այդ հարվածների շարքով: Հանուն նման հաղթանակների արժի ֆուտբոլ խաղալ»:
Ուկրաինայի գավաթի եզրափակիչը կկայանա մայիսի 6-ին, «Մետալուրգի» մրցակիցը կլինի Դոնեցկի մեկ այլ թիմ՝ «Շախտյորը», որտեղ հանդես է գալիս Հենրիխ Մխիթարյանը:





