AM
30 Մայիս 2012 - 09:48 AMT

«Կուբանի» գլխավոր տնօրեն. Մարկոս Պիզելլին առաջին իսկ խաղում հաղթական գոլ խփեց

«Կուբանի» գլխավոր տնօրեն Սուրեն Մկրտչյանը «Ռ-Սպորտին» տված հարցազրույցում ասել է, որ Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Մարկոս Պիզելլին, որն այս խաղաշրջանում համալրեց թիմի կազմը, լիովին արդարացրել է նրանց հույսերը:

«Մենք մի քանի տարի շարունակ հետևում էինք Մարկոսին, նախքան «Կուբան» հրավիրելը և նրա մակարդակին չէինք կասկածում: Երբ նա Հայաստանի առաջնությունից տեղափոխվեց Ուկրաինայի առաջնություն, այսինքն, անցավ ավելի ուժեղ լիգա, նա այնտեղ չկորավ, արագ հարմարվեց և ցույց տվեց շատ լավ ֆուտբոլ` լիդերների հետ խաղերում»,-ասել է Մկրտչյանը:

Նա հավելել է, որ հաճելի է ընդգծել, որ Կրասնոդարում ևս Պիզելլին ստիպված չէր երկար հարմարվել` նա հենց առաջին խաղում հաղթական գոլ խփեց և մեծ պոտենցիալ ունի:

Հարցին, արդյոք «Կուբանը» ցանկանում է ձեռք բերել հայ ևս երկու ֆուտբոլիստների` Յուրա Մովսիսյանին և Արաս Օզբիլիսին, Մկրտչյանը պատասխանեց հետևյալը. «Նրանք լավ դասի ֆուտբոլիստներ են, սակայն տեղափոխման մասին լուրեր ես չեմ մեկնաբանելու: Կայացած տեղափոխությունների մասին տեղեկությունները կներկայացվեն ակումբի պաշտոնական ռեսուրսներում»: