AM
5 Հունիս 2012 - 16:51 AMT

Հայաստան-Ղազախստան. Հայերը հիանալի են խաղում`հաղթելով 3:0 հաշվով

Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում ավարտվեց Հայաստան-Ղազախստան ընկերական հանդիպման առաջին կեսը: Առաջին 45 րոպեներից հետո 3:0 հաշվով հաղթում է Հայաստանի հավաքականը:

Խաղասկզբում թեև թվում էր, որ ղազախները ավելի ակտիվ են, բայց 6-րդ րոպեին Հենրիկ Մխիթարյանի գեղեցիկ եզրային փոխանցումը եզրափակեց Գևորգ Ղազարյանը` առաջ մղելով Հայաստանի ընտրանուն:

Գփած գոլը վստահություն տվեց հայ ֆուտբոլիստներին և նրանք սկսեցին ավելի ակտիվ գործել: Հայաստանի ընտրանին ավելի շատ էր տիրում գնդակին և ուներ հնարավորություն կրկին աչքի ընկնելու:

Վարդան Մինասյանի սաները հետաքրքիր կերպով էին նաև պաշտպանվում: Մրցակցի ստեղծած ոչ մեծ քանակությամբ գրոհների ժամանակ ողջ թիմը պաշտպանվում էր և այնուհետև արագորեն նետվում գրոհի:

Հյուրերի կատարմամբ ամենավտանգավոր պահը եղավ 36-րդ րոպեին, երբ տուգանայինի իրացումից հետո գնդակը դուրս եկավ աննշան շեղությամբ: Սակայն ընդամենը մեկ րոպե անց Գևորգ Ղազարյանը ձևակերպեց դուբլ`2:0:

Մինչ առաջին խաղակեսի ավարտը Մինասյանը ստիպված եղավ կատարել փոփոխություն: Վնասվածք ստացած Լևոն Հայրապետյանի փոխարեն խաղադաշտ մտցրեց Դավիթ Մանոյանին: Հայրապետյանի փոխարեն պաշտպանության ձախ կողմում սկսեց գործել Արտակ Եդիգարյանը, իսկ Մանոյանը դիրքավորվեց կիսապաշտպանությունում:

Մինչ խաղավարտը երկրպագուները տեսան ևս մեկ խփված գնդակ, հեռահար հարվածով Անդրեյ Սիդելնիկովի դարպասը գրավեց Յուրա Մովսիսյանը: Ընդմիջման թիմերը գնացին 3:0 հաշվի ժամանակ: