AM
13 Հունիս 2012 - 09:28 AMT

Երևանում կկայանա մարտեր առանց կանոնների և K1 մարզաձևերի 10-րդ միջազգային մրցաշարը

Հունիսի 17-ին Երևանի «Գիզա» ակումբում տեղի կունենա մարտեր առանց կանոնների և K1մարզաձևերի 10-րդ միջազգային մրցաշարը, որի ընթացքում տեղի կունենա 15 մենամարտ: Հանդես կգան 6 վրացի և 24 հայ մարզիկներ: Լրագրորղների հետ հանդիպման ժամանակ «Արմֆայթինգ» ֆեդերացիայի նախագահ Հայկ Ղուկասյանը նշեց, որ մրցաշարին մասնակցելու համար հայտ են ներկայացրել 270 մարզիկներ, որոնցից ընտրվել են 30 լավագույնները:

«Մենք նման մրցաշարեր պարբերաբար անցկացնում ենք, որպեսզի հայ մարզիկները կարողանան փորձ ձեռք բերել և ավելի վստահ հանդես գալ միջազգային մրցաշարերում: Այդ նպատակով էլ Գեղարքունիքի և Արմավիրի 6 գյուղերում հիմնել ենք ակումբներ, որպեսզի բոլոր ցանկացողները կարողանան մարզվել և մասնակցել մրցաշարերի»,- ասաց Ղուկասյանը:

Այս ամռանը սպասվում է ևս մեկ կարևոր իրադարձություն MMA-ի հայ սիրահարների համար: Օգոստոսին աշխարհի չեմպիոնի կոչման համար Ռոստովում կմենամարտի Դավիթ Խաչատրյանը (70 կգ), նրա մրցակիցն է լինելու Ֆրանսիան ներկայացնող Մամուռ Ֆոլը:

«Այդ մարտը պետք է հունիսին անցկացվեր, սակայն Ֆոլը վնասվածք էր ստացել, ինչի պատճառով էլ հանդիպումը հետաձգվել է: Հիմա Դավիթը մարզվում է Անապայում, այդտեղ նա ընկերական հանդիպումներ կանցկացնի ռուս մարզիկների հետ և կպատրաստվի մարտին»,- ավելացրեց Ղուկասյանը:

Հայ մարզիկն անցկացրել է 17 մարտ, որից 15-ում հաղթել է, իսկ 2-ում` զիջել: Իսկ ֆրանսիացին 17 մարտերից միայն մեկում է պարտություն կրել: