(?)Դուք մեկ ու կես տարի է աշխատում եք Հայաստանի հավաքականի հետ: Կպատմե՞ք ինչ աշխատանքներ են տարվել այդ ընթացքում:
(!)Ես սկսեցի 2011-ին և առաջին բանը, որին հասանք` Օլիմպիական խաղերում որակավորում ձեռք բերելն էր: Այժմ կարևորն այն է, որ մեկ կամ երկու մեդալ նվաճենք Օլիմպիադայում:
(?)Դժվար չէ՞ր հարմարվել հայկական միջավայրում և ինչպե՞ս կարողացաք հաղթահարել դժվարությունները:
(!)Ամենևին դժվար չէր: Ամեն ինչ նույնն է, ինչ Ռումինիայում: Խորհրդային դպրոցի հիման վրա են երկուսն էլ, և ես ծանոթ էի այդ համակարգին: Սակայն ուզում եմ Հայաստանում ձյուդոն տեխնիկապես զարգացնել: Հայ ձյուդոիստները շատ լավ են մարտնչում, նրանք նույնիսկ ագրեսիվ են, սակայն տեխնիկապես զարգանալու կարիք ունեն: Մենք աշխատում ենք այդ ուղղությամբ ու հիմնականում ճապոնական հնարքներ ենք սովորում:
(?)Ձեր օգնական Արթուր Գևորգյանը լավ է ճանաչում թիմը, քանի որ եղել է գլխավոր մարզիչը: Ինչպե՞ս եք համագործակցում նրա հետ:
(!)Նա շատ լավ մարդ է ու շատ լավ մարզիչ: Իհարկե, ինձ համար սկզբում դժվար էր, քանի որ ես եկա նրա տեղը աշխատելու: Սակայն մենք խնդիրներ չունեցանք, հիմա ընկերներ ենք:
(?)Ինչպիսի՞ն է ձեր շփումը հավաքականի տղաների հետ:
(!)Մենք շատ լավ հարաբերություններ ունենք: Դրան նպաստում է նաև պարոն Գևորգյանը: Ձյուդոյում շատ կարևոր գործոն է կարգապահությունը, սակայն դա չի խանգարում մեր ջերմ հարաբերություններին:
(?)2008-ի Օլիմպիական խաղերում Հայատանը ներկայացրեցին Հովհաննես Դավթյանն ու Արմեն Նազարյանը: Լոնդոնում ևս այս երկու մարզիկներն են մասնակցելու: Սա ինչպե՞ս կարելի է բացատրել, առաջընթաց չկա, թե ուղղակի Հայաստանում միայն այս մարզիկներն են առայժմ հաջող հանդես գալիս:
(!)Ձյուդոն շատ է զարգացել աշխարհում: Բազմաթիվ երկրներ ահռելի գումարներ են ներդնում իրենց հավաքականների առաջընթացի համար, օրինակ Ռուսաստանի ձյուդոյի ֆեդերացիայի տարեկան բյուջեն կազմում է քառասուն միլիոն դոլար, ֆրանսիական ֆեդերացիայի բյուջեն՝ քսանհինգ կամ քսանութ միլիոն եվրո: Շատ դժվար է պայքարել նման պատրաստված հավաքականների դեմ: Հայաստանում այժմ այս երկու մարզիկներն են, որ ունեն համապատասխան փորձ և որակներ միջազգային մակարդակով երկիրը պատվով ներկայացնելու համար:

(?)Իսկ կա՞ն մարզիկներ, ովքեր ևս կարող են համալրել ազգային հավաքականը:
(!)Անցյալ տարի ես պատրաստել եմ Գոռ Հարությունյանին, որը սակայն դեռ երիտասարդ է: Նա աշխարհի երիտասարդների չեմպիոնն է: Մյուսը` Արտյոմ Բաղդասարյանը, Եվրոպայի մինչև քսաներկու տարեկանների արծաթե մեդալակիր է: Կան լավ թեկնածուներ երիտասարդական հավաքականում, սակայն նրանք ստիպված են լինում գնալ բանակ, իսկ երկու տարի այնտեղ անցկացնելով՝ կորցնում են իրենց որակները: Ռումինիայում, օրինակ, մարզիկները բանակի փոխարեն գնում են զինվորական մարզական ակումբ, որտեղ նրանք ամեն օր չէ որ անց են կացնում: Մի քանի ժամ տրամադրում են իրենց մարզումներին, մասնակցում հավաքների, իսկ մնացած ազատ ժամանակը տրամադրում զինվորական ծառայությանը: Սա հիանալի տարբերակ է մարզիկների համար, հակառակ դեպքում երկու տարի սպորտով չզբաղվելը անշուշտ խափանում է մարզիկի պրոֆեսիոնալ կարիերայի զարգացումը:
(?)Որպես մարզիչ սա ձեր առաջի՞ն Օլիմպիական խաղերն են:
(!)Ես մարզիչ եմ աշխատել նաև Ռումինիայում, սակայն ինչ-ինչ խնդիրներ ծագեցին և ես թողեցի աշխատանքս: Այժմ ամեն ինչ անում եմ, որպեսզի ինչքան հնարավոր է շատ տիտղոսներ նվաճեմ: Հայաստանում աշխատելու հրավերի հետ միաժամանակ հրավեր էի ստացել նաև Մարոկկոյից: Ես ընտրեցի առաջին տարբերակը, քանի որ այստեղ ամեն ինչ շատ նման է Ռումինիային, մարդիկ, կենցաղը, ուտելիքը: Իսկ Մարոկկոյում դժվար կլիներ ինձ համար, քանի որ բոլորովին այլ կենցաղ, կրոն և ուտեստներ ինձ կսպասեին:
(?)Որպես մարզիչ ի՞նչ կզգաք առաջին անգամ մասնակցելով Օլիմպիական խաղերին:
(!)Որպես մարզիկ ես երեք Օլիմպիական խաղերի եմ մասնակցել: Մի բան է որպես մարզիկ մասնակցելը, մի այլ բան՝ մարզիչ: Երբ ես որպես մարզիկ էի ելույթ ունենում, գիտեի որ ամեն ինչ ինձանից է կախված, ես անմնացորդ կռվում էի ամեն կերպ հաղթելու նպատակով: Այժմ միայն դիտորդի դերում եմ լինելու ու բացի խորհուրդներից ուրիշ ոչնչով չեմ կարող մասնակցությունս ցուցաբերել:
(?)Դուք որպես գլխավոր մարզիչ, ինչպե՞ս եք գնահատում ձեր սաների ելույթը Օլիմպիական խաղերում:
(!) Նազարյանը թեթև վնասվածք ուներ, բուժվեց Գերմանիայում, նա այժմ լավ վիճակում է թե առողջապես և թե հոգեպես: Դավթյանը ևս լիովին պատրաստ է Օլիմպիադային: Մեզ բավարար չէ միայն այն փաստը, որ մասնակցելու ենք Օլիմպիական խաղերին, իմ կարծիքով երկուսն էլ ունակ են մեդալ նվաճել:





