AM
3 Հուլիս 2012 - 05:40 AMT

Հպարտանում եմ, որ նաև իմ շնորհիվ Հայաստանը ճանաչելի է դառնում աշխարհում

(?)Քո ընտանիքը սպորտային է, հայրդ ևս զբաղվել է ըմբշամարտով, դա որոշի՞չ է եղել, որ այս մարզաձևն ընտրես:

(!)Այո, որոշիչ է եղել, ես էլ եմ փորձել նույն ճանապարհով գնալ: Հայրս և հորեղբայրս զբաղվել են ըմբշամարտով, և ես փոքր տարիքից սիրել եմ այս մարզաձևը, քանի որ նայել եմ նրանց մենամարտերը:

(?)Քանի՞ տարեկանից ես սկսել մարզվել և ո՞վ է եղել առաջին մարզիչդ:

(!)Սկսել եմ մարզվել 8 տարեկանից, առաջին մարզիչս եղել է Ռուբեն Գրիգորյանը: Առաջին քայլերս կատարել եմ Գյումրու հունահռոմեական ըմբշամարտի մարզադպրոցում և այդտեղ էլ շարունակում եմ մարզվել մինչ օրս:

(?)Ըստ քեզ, ինչպիսի՞ որակներ ունես, որոնք օգնում են հաջողությունների հասնել:

(!)Կարծում եմ աշխատաիրության և կամային որակների շնորհիվ եմ կարողանում լավ արդյունքներ գրանցել: Պարտությունները, ինչպես և շատ մարզիկներ, ծանր եմ տանում, բայց չեմ կոտրվում և հուսահատվում: Հայրս, որը նաև իմ անձնական մարզիչն է, շատ է օգնում ինձ, մենք միասին ենք աշխատում ուղղել սխալներս: Կարճ ժամանակում մոռանում եմ պարտությունը և պատրաստվում եմ այլ մրցաշարի` իմ առջև դնելով նոր նպատակներ:

(?)Ո՞րն է եղել քո սպորտային երազանքը, որն արդեն իրագործել ես և ապագայում ի՞նչ նպատակներ ես դրել քո առջև:

(!)Իմ երազանքն էր դառնալ մեծահասակների Եվրոպայի, աշխարհի և Օլիմպիական խաղերի հաղթող: Մեկին արդեն հասել եմ, այս տարի դարձել եմ Եվրոպայի չեմպիոն, մյուս երկուսը ևս կփորձեմ անպայման իրագործել:

(?)Սա քո առաջին Օլիմպիադան է լինելու, ի՞նչ զգացողություններ ունեցար, երբ արդեն ապահովեցիր քո մասնակցությունը խաղերին:

(!)Շատ ուրախացա, որ Օլիմպիական խաղերում կներկայացնեմ Հայաստանը: Ինձ համար շատ կարևոր էր հենց առաջին վարկանշային մրցաշարում նվաճել ուղեգիր: Վարկանշային մրցաշարին շատ ուժեղ ըմբիշներ էին մասնակցում, ես ուղեգիր նվաճեցի Ադրբեջանը ներկայացնող Շալվա Գադաբաձեի հետ մենամարտում, հաղթեցի նրան 3:0 հաշվով և մտա եզրափակիչ` դառնալով մրցաշարի հաղթող: Դա մեծ վստահություն տվեց ինձ:

(?)Նշեցիր, որ երազում ես Օլիմպիական ոսկե մեդալ նվաճել: Իսկ ի՞նչ ես անելու նպատակիդ հասնելու համար և այս խաղերն ի՞նչ նշանակություն ունեն քեզ համար:

(!)Շատ մեծ նշանակություն ունեն, որովհետև Օլիմպիական խաղերը 4 տարին մեկ անգամ են անցկացվում: Ինձ համար կարևոր է ոչ միայն մասնակցել Օլիմպիադային, այլ նաև ոսկե մեդալ նվաճել:

(?)Հիշո՞ւմ ես, երբ առաջին անգամ ընդգրկվեցիր մեծահասակների հավաքականի կազմում:

(!)2010 թվականից եմ հանդես գալիս մեծահասակների հավաքականում: Թիմի հետ մասնակցել եմ Նիցցայում կայացած միջազգային մրցաշարի, որտեղ դարձել եմ հաղթող: Շատ ուրախ էի, որ ընդգրկվել էի ազգային հավաքականում և հուսախաբ չէի արել մարզչին:

(?)Իսկ ի՞նչ տարբերություն կա երիտասարդների և մեծահասակների մրցաշարերի միջև:

(!)Դե մեծահասակների պարագայում ավելի լուրջ ես մոտենում մրցաշարերին: Երբ մրցում ես քեզանից բավականին մեծ և փորձառու մարզիկների հետ, չպետք է սխալվես: Իսկ երիտասարդների պայքարում կարող ես սխալդ ուղղել:

(?)Սովորաբար մարզիկների մեծ մասը կարևոր մրցաշարերից առաջ կիլոգրամներ են կորցնում: Դու ունե՞ս նման խնդիր, թե օպտիմալ քաշդ միշտ պահպանում ես:

(!)Ես հանդես եմ գալիս 96 կգ քաշային կարգում, մրցաշարերի ժամանակ քաշս կազմում է 94 կգ, այնպես որ նման խնդիր չունեմ: Այս տարվա Եվրոպայի առաջնությունում 92 կգ էի, բայց իմ քաշային կարգում շատ ըմբիշներ կան, որ 105 կգ-ից հասնում են 96:

(?)Հավաքականի տղաներից ո՞ւմ հետ ես հատկապես մտերիմ:

(!)Բոլորի հետ էլ մտերիմ եմ, բայց հատկապես` գյումրեցիների:

(?)Դու մերօրյա ամենահայտնի մարզիկներից ես, իսկ հետաքրքիր է իմանալ, ինչպիսի՞ն են քո փոխհարաբերությունները երկրպագուների հետ, հաճախակի՞ են փողոցում քեզ ճանաչում:

(!)Դե Գյումրիում սովոր են ամեն քայլափոխին մարզիկների տեսնել, հիմնականում Երևանում են ճանաչում, եղել են դեպքեր, երբ ճանաչել են և լուսանկարվել ինձ հետ:

(?)Սպորտային կուռքեր ունե՞ս, ում միշտ ցանկացել ես նմանվել կամ էլ ձգտել ես նրա նման տիտղոսակիր մարզիկ դառնալ:

(!)Եղել են մարզիկներ, ում հետևել եմ, բայց չեմ կարող ասել, որ կուռքեր ունեցել եմ: Ինձ հատկապես դուր է եկել եգիպտացի Կարամ Իբրահիմի մենամարտելու ոճը, նա ևս հանդես է եկել 96 կգ քաշային կարգում և եղել է Օլիմպիական չեմպիոն: Նա միշտ մեծ առավելությամբ է հաղթել իր մրցակիցներին և առանց միավոր զիջելու է դարձել Օլիմպիական չեմպիոն:

(?)Սպորտից դուրս ի՞նչ հետաքրքրություններ ունես և ինչո՞վ ես սիրում զբաղվել:

(!)Չնայած ազատ ժամանակ քիչ եմ ունենում, բայց շատ եմ սիրում ֆուտբոլ դիտել, երկրպագում եմ Մադրիդի «Ռեալին»:

(?)Երբ հանդիպեցինք Հայաստանի գավաթի խաղարկությանը, երբ դու եկել էիր աջակցելու «Շիրակին», ինձ հետաքրքրեց, թե մի՞շտ ես հետևում ձեր թիմի խաղերին և գնում խաղադաշտ:

(!)Վերջին ժամանակներս եմ սկսել հետևել «Շիրակի» ելույթներին, երբ իմ բարեկամներից մեկը`Գևորգ Հովհաննիսյանը, սկսեց հանդես գալ թիմում: Երբ Գյումրիում եմ լինում, «Շիրակի» բոլոր տնային խաղերին հետևում եմ:

(?)Իսկ հավաքականի ելույթներին հետևո՞ւմ ես:

(!)Աո, միշտ հետևում եմ: Վերջին խաղը, որ ստադիոնում եմ նայել, եղել է Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարում Ռուսաստանի հավաքականի դեմ, որն ավարտվել է 0:0 հաշվով:

(?)Ի՞նչն է հատկապես մոտիվացնում քեզ:

(!)Այն, որ հաղթանակներս նաև իմ երկրին են պատկանում և իմ շնորհիվ իմանում են Հայաստանի մասին: Դա միշտ ուժ է տալիս ինձ և օգնում հասնել հաջողության:

(?)Իսկ ի՞նչն ես զոհում` սպորտում հաջողություններ ունենալու համար:

(!)Մարզիկի կյանքն, իսկապես, շատ դժվար է, օրական երկու մարզում ես ունենում, սնվում և քնում ես ռեժիմով: Ես սովորել եմ սպորտային կյանքին և դրանից դուրս ինձ չեմ պատկերացնում: Այնպես եմ պլանավորում ժամանակս, որ ամեն ինչ հասցնեմ, և ընկերներիս հետ լինեմ և այլ բաներով էլ զբաղվեմ:

(?)Դու հաղթանակներդ շատ հանգիստ ես նշում, օրինակ այս տարվա Եվրոպայի չեմպիոն դառնալուց հետո շատ զուսպ էիր: Ինչպե՞ս ես կարողանում զսպել էմոցիաներդ և կյանքո՞ւմ էլ ես այդպիսին:

(!)Կյանքում էլ եմ ես հանգիստ, այդ պատճառով գուցե այդքան էլ էմոցիոնալ չեմ: Բայց ներքուստ միշտ էլ հուզված եմ լինում:

(?)Սովորաբար մրցաշարերից առաջ մարզիկները խոստումներ չեն տալիս, բայց ըստ քեզ, ինչպիսի՞ն են քո հնարավորությունները Լոնդոնում:

(!)Եվրոպայի չեմպիոն դառնալուց հետո իմ հնարավորությունները բարձր եմ գնահատում, այն ինձ վստահություն և հավատ տվեց սեփական ուժերիս հանդեպ: Խոսք չեմ տա, բայց ամեն ինչ կանեմ, որ ոսկե մեդալ նվաճեմ: