(?) Լավ մարզավիճակը լողորդին տալի՞ս է վստահություն ու լարվածության բացակայություն:
(!)Իհարկե: Եթե մարզիկը լավ վիճակում է ու պատրաստված է, գիտի իր սպասելքներն ու վստահ է իր արդյուքներին, մրցումներին ավելի լավ է ներկայանում ու կարողանում է հաղթահարել մեկնարկային լարվածությունը:
(?)Ե՞րբ հասկացար, որ հենց լողն է քո ապագան:
(!)Հայրիկս մարզիչս է եղել ու մանկուց մարզվել եմ: Այլ մարզաձևերով էլ եմ զբաղվել, բայց հասկացա, որ սա է իմը ու շարունակեցի հայրիկիս ճանապարհը: Խորացա լողի մեջ, մասնակցեցի մի շարք մրցաշարերի ու արդեն երևաց, որ ես ավելի լուրջ եմ պարապելու: Հայրիկս չի համոզել, որ լողով զբաղվեմ, ես պարզապես սիրել եմ այն ու ընտրել որպես մասնագիտություն:
(?)Այս մարզաձևում շատ կարևոր է ճիշտ ու լավ մեկնարկը: Ի՞նչ զգացողություններ ես ունենում մինչև մեկնարկ տալը ու ինչպե՞ս ես նախապատրաստվում:
(!)Բառերով չեմ կարող ասել: Այդ պահին մի տեսակ խառն է լինում, մտածում ես դիստանցիայի ու արդյունքի մասին: Փորձում եմ հավաքված լինել, մտածում եմ այն մասին, որ մտնեմ լողավազան ու ցույց տամ իմ ուզած արդյունքը: Իսկ երբ ես ջրի մեջ եմ, մտածում եմ միայն շուտ տեղ հասնելու մասին:
(?)Սրանք քո առաջին Օլիմպիական խաղերն են, ինչպե՞ս ես նախապատրաստվում:
(!)Ես նաև Սինգապուրի պատանեկան Օլիմպիական խաղերին եմ մասնակցել: Բայց դե գաղտնիք չէ, որ Օլիմպիական խաղերը բոլորի երազանքն են: Ճիշտն ասած, ես լիովին տրվել եմ պարապմունքներին, անում եմ ամեն ինչ, որ լավ ներկայանամ: Իսկապես, մեծ պատիվ է երիտասարդ հասակում մի ողջ երկիր ներկայացնել:

(?)Ե՞րբ իմացար, որ դու ես մեկնելու Լոնդոն ու սպասո՞ւմ էիր, որ դու կներկայացնես Հայաստանը:
(!)Նույնիսկ օրն եմ հիշում` մայիսի 23-ին եմ իմացել, որ մեկնելու եմ Օլիմպիադա: Մինչ այդ հանգստի մեջ էի ու չէի մարզվում: Հայրս հայտնեց այդ լուրը, ու ես չէի հավատում:
(?)Մեծ պատիվ է ներկայացնել մի ամբողջ երկիր: Դու ինչպիսի՞ տրամադրվածությամբ ես մեկնում Լոնդոն:
(!)Շատ ուրախ, մարտական տրամադրվածությամբ: Հուսամ լավ կլինի:
(?)Ի՞նչ սպասելիքներ ունես ու ի՞նչ նպատակ ես դրել քո առջև:
(!)Որ կարողանամ այնտեղ իմ լավագույն արդյունքը ցույց տամ: Հիմա արդեն 50 մետրանոց լողավազանում ենք մարզվում ու պատրաստվում ենք Օլիմպիական խաղերին: Ճիշտն ասած, մենք սովոր չենք, քանի որ պարապմունքներն անում ենք 25-մետրում: Հիմա դժվար է մի քիչ, բայց փորձում ենք հաղթահարել:
(?)Իսկ ի՞նչ դժվարություններ ունի հայ լողորդը:
(!)Դժվարն այն է, որ մարզվում ենք փոքր լողավազանում, գնում ենք մրցման ու տեսնում, որ բոլորը պարապել են մեծ լողավազանում ու իրենց համար դա սովորական երևույթ է: Սա է հիմնական դժվարությունը:
(?)Ելույթ ես ունենալու 100 մ տարածությունում թիկնալող ձևում: Լավագույն արդյունքդ ո՞րն է եղել:
(!)Փոքր լողավազանում՝ 1,05 րոպե, իսկ Շանհայի աշխարհի առաջնության ժամանակ մեծում` 1,08: Պետք է աշխատեմ, որ 1,05 արդյունքն, այսինքն փոքր լողավազանի արդյունքը կրկնեմ արդեն մեծի մեջ հենց Օլիմպիական խաղերի ժամանակ:

(?)Կարելի է ենթադրել, որ թիկնալողը քո սիրած ձևն է:
(!)Այո: Ես այստեղ ինձ լավ եմ զգում, ու սա իմ ամենասիրելի ձևն է:
(?)Իսկ ի՞նչ առանձնահատկություն ունի այդ ձևը:
(!)Փոքր ժամանակ եմ սրա մեջ եմ մասնագիտացել, ու հիմնական ձև է ինձ համար:
(?)Հաճախ մարզիկները մարզումների ժամանակ ավելի լավ արդյունք են ցույց տալիս, քան մրցաշարերի: Եղե՞լ է դեպք, երբ մարզումների ժամանակ ռեկորդ ես սահմանել:
(!)Այո: Եղել է նման դեպք: Մրցման ժամանակ չի ստացվել, քանի որ 25-մետրում եմ պարապել, բայց 50-մետրում՝ ելույթ ունեցել: Խանգարել է նաև քիչ թվով մրցաշարերի մասնակցությունը: Անկեղծ ասեմ, մարզումների ժամանակ վերջին շրջանում լավագույն արդյունք ցույց չեմ տվել, լավագույնս ներկայացել եմ հենց առաջնությունների ժամանակ:
(?)Մինչ լողավազան մտնելն ու մրցումները սկսելը կարևոր է հոգեբանական պատրաստվածությունը և հավասարակշռությունը: Ի՞նչ ես անում այդ ժամանակ:
(!)Երաժշտություն միշտ եմ լսում: Աշխատում եմ չմտածել մրցման մասին, անեկդոտներ ենք պատմում իրար, զրուցում ենք: Ու այդպես ավելի հանգիստ եմ լողում և այդպես ավելի լավ է ստացվում:
(?)Լողը շատ գեղեցիկ մարզաձև է ու գրեթե բոլորին էլ գրավում է: Ի՞նչ է այն քեզ համար:
(!)Արդեն ապրելակերպ է դարձել ինձ համար: Լինում են օրեր, որ չեմ մարզվում, ու այդ ժամանակ կարծես կյանքիս մի կեսը չլինի: Կյանքիս իմաստն է դարձել լողը:

(?)Խոսենք նաև լողի դժվարությունների մասին:
(!)Հիասթափություններ շատ են եղել, բայց հաղթահարում եմ: Եղել են պահել, որ զրկել եմ ինձ դպրոցական հաճույքներից: Հաճախ վեճեր են լինում մարզիչիս հետ մարզումների ժամանակ: Բայց սա անցնում է, քանի որ ընկերական մթնոլորտ է մեր մեջ ու կարողանում ենք հաղթահարել, դա է նաև պատճաը, որ 10 տարի միասին ենք ու մարզվում ենք:
(?)Ի՞նչ որակներ պետք է ունենա մարդը, որպեսզի կարողանա դառնալ պրոֆեսիոնալ լողորդ:
(!)Պետք է բնության կողմից տրված շնորհ ու համբերություն ունենա, շատ աշխատի: Պետք է զրկի իրեն շատ-շատ հաճույքներից:
(?)Ու վերջում կրկին անդրադառնանք Օլիմպիական խաղերին: Քո մաղթանքները թե քեզ և թե մեր մյուս մարզիկներին:
(!)Մաղթում եմ լավ մարզումներ, կցանկանամ, որ լավ մասնակցություն ունենա մեր հավաքականը: Որ իրենք իրենցից գոհ լինեն և որքան հնարավոր է շատ մեդալներ նվաճեն:





