(?)Այս Օլիմպիական խաղերում Հայաստանի ազատ ոճի հավաքականը մասնակցելու է 3 մարզիկներով: Ըստ ձեզ այս թիվը կարո՞ղ էր ավելի մեծ լինել:
(!)Հնարավորություն ունեինք ավելի շատ մարզիկներով մեկնել, 60 կգ քաշային կարգում Արթուր Առաքելյանը կարող էր ուղեգիր նվաճել, սակայն չստացվեց մրցավարական սխալի պատճառով: Դրանում նաև Առաքելյանի մեղքի բաժինը կար, որ չկարողացավ ինքը վճռել մարտի ելքը: 74 կգ-ում շատ մեծ հույսեր ունեի Մուսա Մուրթազալիևի հետ, Չինաստանի մրցաշարում նա 3-րդ տեղը գրավեց, բայց ուղեգրի համար պայքարում զիջեց: Էդգար Ենոքյանը վնասվածքից հետո ապաքինվեց, շատ աշխատեց, որ լավ հանդես գա վարկանշային մրցաշարերում, բայց չստացվեց: Ես պլանավորել էի, որ Լոնդոն կմեկնենք 4-5 մարզիկներով, բայց չստացվեց:
(?)Իսկ 3 մարզիկներով որքա՞ն մեդալների համար է հնարավոր պայքարել:
(!)Բոլոր քաշային կարգերում էլ փորձելու ենք մեդալ նվաճել, ես խնդիր եմ դրել, որ տղաները հասնեն մինչև եզրափակիչ: Իսկ եթե կարողանանք ոսկե մեդալ նվաճել, շատ ավելի լավ կլինի:
(?)Մարզիչ լինել նշանակում է պատասխանատվություն կրել ողջ թիմի համար: Ըստ ձեզ ինչպիսի՞ որակներ պետք է ունենա մարզիչը:
(!)Նախ մարզիչը պետք է լինի լավ հոգեբան ու մանկավարժ, ծնողի պես սիրի իր սաներին ու գրագետ լինի: Շատ որակներ են պետք լավ մարզիչ լինելու համար: Բոլորն էլ շաղկապված են իրար հետ, և հաջողությունները դրա հետ են կապված: Ես միշտ փորձում եմ խոսել տղաների հետ, եթե հավաքի չենք լինում, հեռախոսով եմ զրուցում նրանց հետ: Ովքեր Հայաստանում են ապրում հաճախակի ենք հանդիպում, իսկ Հաջիմուրադի և Դավիթի հետ, որոնք ապրում են Մախաչկալայում և Կրասնոդարում, շաբաթական 3-4 անգամ հեռախոսազրույց եմ ունենում: Միշտ տեղյակ եմ լինում նրանցից յուրաքանչյուրի պլաններին:
(?)Կպատկերացնեի՞ ք, որ մի օր մարզիչ եք դառնալու, թե՞ դրա մասին միշտ եք երազել:
(!)Դեռ երիտասարդ տարիներից ինձ միշտ ձգել է մարզչական աշխատանքը, սակայն չեմ պատկերացրել, որ կդառնամ գլխավոր մարզիչ: Ես և իմ մարզչից, և հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Հրանտ Ենոքյանից շատ բան եմ սովորել, որ կիրառում եմ իմ աշխատանքում:
(?)Իսկ դուք որպես մարզիկ ի՞ նչ չեք հասցրել անել, որ ցանկանում եք ձեր սաները հասնեն այդ արդյունքին:
(!)Ես մեծ սպորտում երկար չեմ մնացել, 25 տարեկանից չեմ զբաղվել ըմբշամարտով, վնասվածքներն են խանգարել շարունակել ելույթներս: Ողնաշարի վնասվածք եմ ստացել ու դրանից հետո ստիպված եմ եղել թողնել սպորտը: Ինձ չի հաջողվել մասնակցել Օլիմպիական խաղերի ու մեդալ նվաճել ու շատ եմ ցանկանում, որ սաներս կարողանան Լոնդոնից մեդալներով վերադառնալ:

(?)Ձեր սաներից ո՞վ է իր մենամարտելու ոճով նման ձեզ:
(!)Օլիմպիադա մեկնող մարզիկներից ոչ մեկը նման չէ, բայց Հայրապետյան Արշակը, որը հիմա երիտասարդական հավաքականի հետ է աշխատում, նման էր: Մենք միասին մարզվել ենք, իսկ երբ ես ավարտեցի ելույթս հավաքականում, նա է հանդես եկել իմ քաշային կարգում`62 կգ:
(?)Սա ձեր առաջին Օլիմպիական խաղերն են որպես մարզիչ, դուք ինքներդ ինչպե՞ս եք պատրաստվել դրանց:
(!)Շատ լավ, ես մինչև այդ էլ որպես մարզիչ ներկա եմ եղել Պեկինի և Աթենքի Օլիմպիական խաղերին: Հիմա իմ միակ նպատակն այն է, որ տղաները լավ հանդես գան ու մեդալներ նվաճեն:
(?)Դուք շատ էմոցիոնալ և եռանդուն մարզիչ եք, դա ձեզ չի՞ խանգարում:
(!)Երբեմն խանգարում է, բայց ես էմոցիոնալ մարդ եմ ու ոչինչ չեմ կարող անել: Ես ամեն տեղ էլ այդպիսին եմ, ու չեմ կարող փոխվել: Մարզչի աշխատանքը շատ նյարդային է, ու շատ հաճախ անհրաժեշտ է լինում գոռալ, զայրանալ:
(?)Թիմ ստեղծելիս ի՞նչն եք հատկապես կարևորում:
(!)Առաջին հերթին, որ այն մարտունակ լինի, և բոլորը համերաշխ լինեն իրար հետ: Ես գոհ եմ մեր տղաներից, նրանք բոլորն էլ շատ ընկերասեր են: Շատ հաճախ մենք տարբեր տարիքայինների հավաքներ ենք անցկացնում, ու դահլիճում մարզվում են 50-55 ըմբիշներ, նրանք շատ համերաշխ աշխատում են միասին: Բոլորն էլ պատրաստ են միմյանց օգնելու, մյուս տղաները, ում չի հաջողվել ուղեգիր նվաճել, օգնում են Միհրանին, Հաջիմուրադին ու Դավիթին: Շատ լավ կոլեկտիվ է հավաքվել, ինչից ես միայն գոհ եմ:
(?)Ըստ ձեզ ո՞րն է ազատ ոճի ըմբշամարտում հաջողության հասնելու հիմնական գրավականը:
(!)Այսօր ազատ ոճի ըմբիշներ պատրաստելու հիմնական դարբնոցը Օսեթիան, Դաղստանը և Չեչնիան են: Անցած տարվա աշխարհի առաջնությունում այդտեղից մոտ 58 մարզիկներ հանդես էին գալիս այլ երկրների դրոշների ներքո: Հիմա շատ է դժվարացել ըմբշամարտը, մեկ քաշային կարգում խոշոր մրցաշարերի ժամանակ մոտ 45-50 մարզիկ է մասնակցում, ու մեդալը շատ դժվարությամբ է տրվում: Մարզիկը պետք է և ֆիզիկապես, և հոգեպես պատրաստ լինի ամեն ինչի:
(?)Մինչ խաղերի մեկնարկը ի՞նչ պլաններ ունեք:
(!)Հունաստանում միջազգային մրցաշար ունենք, որտեղ տղաները հնարավորություն կունենան փորձելու իրենց կարողությունները, այնուհետև հուլիսի 2-ին կվերադառնանք Երևան, և հուլիսի 8-ից Օսեթիայում այդ հանրապետության հավաքականի, Ուզբեկստանի և Ղազախստանի հետ համատեղ հավաք կանցկացնենք: Հուլիսի 22-ին վերադառնալու ենք Երևան, հավաք ենք անցկացնելու Ֆուտբոլի ակադեմիայում ու մեկնելու Լոնդոն:





