AM
14 Հուլիս 2012 - 05:37 AMT

Օլիմպիական խաղերում բացի ֆիզիկականից, կարևոր է նաև հոգեբանական վիճակը

(?)Նորա՛յր, քեզ Հայաստանում ավելի շատ ճանաչում են որպես Յուրի Վարդանյանի որդի: Այդ իսկ պատճառով խնդրում եմ մի փոքր պատմիր քո մասին:

(!)Ես սկսզբից կարատե էի պարապում, ապա բասկետբոլ էի խաղում, ու զգացի, որ ինձ պետք է նաև ֆիզիկապես լավ պատրաստ լինել: Հայրիկիս` Յուրի Վարդանյանին խնդրեցի, որ ծանրամարտ պարապի ինձ հետ, որպեսզի թռիչքս բարձրանա, արագությունս լավանա, ու ես կարողանամ ավելի լավ հանդես գալ բասկետբոլում: Բայց մի օր տեսա, որ երկու մարզաձևը չեմ կարող համատեղել ու ընտրեցի ծանրամարտը:

(?)Ինչո՞ւ ընտրեցիր ծանրամարտը:

(!)Ամերիկայում էի բասկետբոլ պարապում, հասակս չէր համապատասխանում ու զիջում էի մնացած տղաներին: Ես հասկացա, որ ծանրամարտով կարող եմ ավելի շատ առաջ գնալ ու ընտրեցի այն:

(?)Ինչո՞վ գրավեց քեզ ծանրամարտը:

(!)Ես մարզվում էի մեր ավտոտնակում: Ու մի անգամ պարապմունքից հետո զանգ եկավ, գնացի հեռախոսը բարձրացրի ու զգացի, որ քաշ չկար այդտեղ: Տեսա, թե ինչքան եմ ուժեղացել, ու ուզեցի, որ դրանից հետո միշտ ուժեղ լինեմ:

(?)Իսկ ծանրամարտի ընտրության հարցում նպաստե՞լ է այն փաստը, որ քո հայրիկն այդքան հայտնի ծանրորդ է եղել:

(!)Այո, ինչ-որ տեղ ազդել է: Նա ամեն ինչի հասել է սպորտում, ու ես էլ ցանկացա նրա ուղին բռնել:

(?)Որքանո՞վ էր հեշտ կամ դժվար մարզվել քո հայրիկի գլխավորությամբ:

(!)Հայրիկս շատ ուրախ էր, որ ես ընտրեցի ծանրամարտը, ու շատ լուրջ ընդունեց, ավելի լուրջ` քան ես: Նա հարթակ սարքեց, ծանրաձող բերեց, մարզահագուստ առավ ու այդպես սկսվեց:

(?)Մարզումների ժամանակ խնդիրներ առաջանո՞ւմ էին:

(!)Երբ մտնում էի դահլիճ, այլևս հայրիկ-որդի փոխհարաբերություն չէր, այլ մարզիչ-մարզիկ: Ինքը շատ լուրջ էր աշխատում, ցույց էր տալիս, թե ինչպես պետք է բարձրացնել ծանրությունը ու միշտ օգնում էր ինձ:

(?)Իսկ առհասարակ ինչպե՞ս են անցնում մարզումներն ԱՄՆ-ում:

(!)2,5 տարի հայրկիս հետ եմ մարզվել: Ապա ես տեղափոխվեցի Կոլորադոյի Օլիմպիական բազա, որտեղ ամբողջ տարի հավաք էր լինում: Չնայած դրան, նորից հայրիկիս ծրագրով էի մարզվում:

(?)Տարբերություն կա՞ Հայաստանի հետ համեմատած:

(!)Հայաստնաում մարզումները շատ լուրջ են, սա է պատճառը եղել, որ ես այստեղ շատ եմ աճել: Այնտեղ խաղ ու պար լինի կարծես, հաճույքի համար են մարզվում: Իսկ այստեղ պրոֆեսիոնալ են` մարզիկներն ու մարզիչները:

(?)Ի՞նչ է քո մեջ փոխվել այս ընթացքում:

(!)Տեխնիկաս է փոխվել, ավելի արագացել ու ուժեղացել եմ:

(?)Ինչո՞ւ որոշեցիր վերադառնալ ու ներկայացնել Հայաստանը:

(!)Ես որ սկսեցի ծանրամարտով զբաղվել, մտածեցի, որ ներկայացնելու եմ իմ երկրը: Երբ Պանամերիկյան խաղերում հանդես եկա ու ԱՄՆ-ի դրոշը բարձրացավ, զգացի, որ անպայման իմ եռագույնի տակ եմ ուզում հանդես գալ:

(?)Որքան տեղյակ եմ, դու մինչև այս Հայաստանը չես ներկայացրել միջազգային մրցաշարերում: Հիմա միանգամից մեկնում ես Լոնդոն: Միջազգային փորձի պակասը չի՞ խանգարի արդյոք:

(!)Մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում եմ հանդես եկել և 5-րդ տեղ գրավել: Ես մասնակցել եմ մրցաշարերի, միգուցե լավ արդյունք չեմ ունեցել, բայց փորձ ունեմ: Եթե համեմատեմ թիմի մյուս տղաների հետ, այո, ես փորձի պակաս ունեմ, բայց չեմ կարծում, որ դա ինձ կխանգարի:

(?)Թիմում մթնոլորտը ինչպիսի՞ն է:

(!)Տղաները շատ լավ են ինձ ընդունել, բոլորի հետ էլ լավ ու ընկերական հարաբերություններ ունեմ: Միշտ միասին ենք լինում, ամեն կիրակի միասին եկեղեցի ենք գնում: Ես Երևանում եմ ապրում, բայց որ գնում եմ Գյումրի, այնտեղի տղաներին պարտադիր հանդիպում եմ:

(?)Իսկ որքանո՞վ է պարտավորեցնում այն, որ քո հայրը անգերազանցելի ծանրորդ է մինչև այսօր:

(!)Ես չեմ մտածում նրա արդյունքները գերազանցելու մասին: Հայրիկս այնքան բաների է հասել, որ ես 10%-ն էլ եթե անեմ, մինչև կյանքիս վերջ կհիշեն ինձ: Ես մի նպատակ ունեմ, որ հայրիկիս արդյունքը գերազանցեմ, բայց քաշային կարգերը հաշվի չենք առնում (ծիծաղում է):

(?)Փոքր ժամանակ փորձե՞լ ես նմանվել նրան:

(!)Ես միշտ էլ ուզել եմ նմանվել հայրիկիս: Նա ոչ միայն սպորտում, այլև կյանքում շատ լավ ու լուրջ մարդ է: Մեր երեք եղբայրներից ես եմ, որ ավելի շատ նման եմ նրան:

(?)Ի՞նչ խորհուրդներ է տալիս Յուրի Վարդանյանը քեզ:

(!)Որ առաջնություններից առաջ պետք է միշտ հանգիստ լինել:

(?)Խոսենք Օլիմպիական խաղերից: Ի՞նչ են նրանք քեզ համար ու ինչպե՞ս ես նախապատրաստվում:

(!)Շատ լուրջ եմ նախապատրաստվում, ու երեխա ժամանակից երազել եմ մասնակցել ու հաղթել Օլիմպիական խաղերում: Ես գիտեմ, որ լուրջ շանսեր ունեմ ու կփորձեմ իմ երկրի համար մեդալ նվաճել:

(?)Ըստ քեզ, ինչպիսի՞ որակներ պետք է ունենա մարզիկը, որպեսզի կարողանա մեդալ նվաճել այդպիսի կարևոր խաղերում:

(!)Պետք է հանգիստ լինի, լարվածություն չպետք է լինի: Բացի ֆիզիկականից, կարևոր է նաև հոգեբանական վիճակը:

(?)Դու ինչպիսի՞ մարզիկ ես:

(!)Ես կարողանում եմ հաղթահարել դժվարությունները: Եղել են դեպքեր, որ սխալվել եմ, բայց սովորել եմ դրանցից ու փորձում եմ այլևս չկրկնել:

(?)Ճանաչո՞ւմ ես մրցակիցներիդ:

(!)Ես 2000 թվականից նայում եմ բոլոր առաջնությունները ու գիտեմ` ով ինչ արդյունք է ցույց տալիս ու ինչպես է բարձրացնում ծանրաձողը: Եթե մի քանի կիլոգրամ էլ ավելացնեմ, ապա կկարողանամ շատ լավ ելույթ ունենալ: