Լոնդոնի Օլիմպիական խաղերին մնացել է 9 օր, և այսօր` հուլիսի 19-ին, ՀՀ սպորտի և երիտասարդության նախարար, ՀԱՕԿ գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը հանդիպեց լրագրողների հետ:
«Լոնդոնում մեր երկիրը կներկայացնի 25 մարզիկ, բնականաբար, մենք բոլորս էլ ցանկանում էինք, որ նրանց թիվն ավելի շատ լինի, սակայն ովքեր որ ձեռք են բերել ուղեգիր, մեդալներ նվաճելու մեծ շանսեր ունեն: Բայց ֆիասկոն` Ռոման Ամոյանի բացակայությունն է, շատ եմ ցավում, որ նա բաց է թողնելու այս Օլիմպիադան»,- ասաց Ռոստոմյանը:
Նրա կարծիքով, լոնդոնյան խաղերում Հայաստանի հավաքականն ունենալու է ավելի լավ մասնակցություն, քան Պեկինում էր, որտեղ հայ մարզիկները նվաճել են 6 բրոնզե մեդալ:
«Մենք արել ենք ամեն ինչ, որպեսզի մեր մարզիկները լավ մարզվեն ու պատրաստ լինեն Օլիմպիադային, հավաքներ են եղել ինչպես Հայատսանում, այնպես էլ արտերկրում»,- ավելցրեց նախարարը:
Հայաստանի մարզիկներից 14-ն այս պահին վերջին մարզումներն են անցկացնում արտերկրում, դա է պատճառը, որ Հայաստանից նրանց չեն ճանապարհի:
Լոնդոնյան խաղերը կմեկնարկեն հուլիսի 27-ին և կավարտվեն օգոստոսի 13-ին:





