AM
24 Հուլիս 2012 - 13:06 AMT

ՀԱՕԿ նախագահի ուղերձը Օլիմպիականներին. Ուզում եմ հավատալ, որ հուսախաբ չեք անի ու բարձր կպահեք Հայաստանի պատիվը

Հայաստանի Ազգային Օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանը ողջույնի խոսք է հղել Հայաստանի Օլիմպիական հավաքականին:

«Հարգելի օլիմպիականներ: Լոնդոնում բազում մասնակիցների հետ մրցասպարեզներում նաև դուք պետք է ցույց տաք ձեր հմտությունները: Հուսով եմ, որ դուք կդրսևորեք անկոտրում կամք, հաղթանակի ձգտում և աչքի կընկնեք բարձր արդյունքներով, քանզի ինքներդ եք գիտակցում հաջողության կարևորությունը»,- ասել է Ծառուկյանը:

Նա նշել է, որ հայ մարզիկների մրցելույթներին ուշադրությամբ կհետևեն Հայաստանում և սփյուռքում. «Ուզում եմ հավատալ, որ հուսախաբ չեք անի, բարձր կպահեք Հայաստանի պատիվը: Դուք պետք է առաջնորդվեք օլիմպիական վեհ գաղափարներով, արդարացի խաղի սկզբունքներով, առանձնանաք օրինակելի վարքագծով և պահվածքով»:

«Նախորդ տարների ընթացքում բազմիցս խոստացել եք, որ համաշխարհային այդ գլխավոր մարզահանդեսում հավուր պատշաճի եք ներկայանալու և ձեր աժանի տեղն եք նվաճելու օլիմպիական պատվանդանի վրա: Կոչ եմ անում, արժանապատվորեն կատարեք ձեր առաքելությունը, գործի վերածեք ձեր խոստումները, որպեսզի զուր չանցնի մարզումներում թափած ձեր քրտինքը: Միլիոնավոր հայեր հույսերով ու հավատով սպասում են ձեր հաղթանակներին: Արդարացրեք սպասելիքները: Հաջողություն և հաղթանակ եմ մաղթում ձեզ»,- ընդգծել է ՀԱՕԿ նախագահը:

Օլիմպիական խաղերը Լոնդոնում կմեկնարկեն հուլիսի 27-ին: Հայաստանից առաջինը` հուլիսի 28-ին, ելույթ կունենան Հովհաննես Դավթյանը (ձյուդո), Արթուր Դավթյանը (մարմնամարզություն), Նորայր Բախտամյանը (հրաձգություն) և ամենայն հավանականությամբ` Անդրանիկ Հակոբյանը (բռնցքամարտ):