Հայաստանի ծանրամարտի կանանց հավաքականի գլխավոր մարզիչ Արտաշես Ներսիյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց, որ ողջ Օլիմպիական ցիկլն անցել է իր հունով, ու շատ դժվար է լոնդոնյան խաղերի անհաջողությունների պատճառը բացատրել: «Մենք մեր ցանկությամբ հավաքներ ենք անցկացրել բոլոր այն վայրերում, որտեղ նախատեսել էինք, ստացել ենք բոլոր անհրաժեշտ վերականգնիչները լավագույնս պատրաստվելու համար: Պոդոլսկի հավաքի ժամանակ Մելինե Դալուզյանը լավ մարզավիճակում էր գտնվում, երկամարտի արդյունքում բարձրացնում էր 270 կգ: Օլիմպիադայի ժամանակ նախավարժանքի սրահում էլ իրեն հիանալի էր զգում»,- ասաց Ներսիսյանը:
69 կգ քաշային կարգում հանդես եկող Դալուզյանը հրում վարժության ժամանակ չկարողացավ օգտագործել 3 մոտեցումներն ու 0 ստացավ: Մարզիչն ընդգծեց, որ Դալուզյանը հարթակում շատ տարօրինակ էր գործում, ինչի պատճառն հոգեբանական արգելակում էր. «Մելինեն ասաց, ծանրաձողը մի տոննա է, ու չի կարողանում այն տեղից պոկել: Հրման ժամանակ մենք միայն մեդալի էինք գնում, 7-րդ տեղը մեզ համար հավասար կլիներ 0-ի: Մելինեն մոռացել է մրցումների շունչը, նա երկար ժամանակ պամոստ դուրս չէր եկել»:
Այս տարի Դալուզյանը մասնակցելու է Համաշխարհային ուսանողական խաղերին և 2013-ի բոլոր հնարավոր մրցումներին, որպեսզի, ինչպես Ներսիսյանն է նշում, կրկին փորձ և վստահություն ձեռք բերի:
«Մենք 30-35 մարզուհի ունենք, որոնց մեծ մասը դեռ երիտասարդ են: Այդ պատճառով էլ մյուս տարի կանանց ծանրամարտից մեծ ակնկալիքներ չպետք է ունենալ»,- ավելացրեց մարզիչը:
Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի պատասխանատու քարտուղար Փաշիկ Ալավերդյանի խոսքով էլ, հայկական ծանրամարտն իր ուրույն տեղն ունի աշխարհում, և բոլորը հաշվի են նստում հայ մարզիկների հետ:
«Ծանրամարտի Միջազգային ֆեդերացիայի ժողովում, որը կայանալու է դեկտեմբերին Բաքվում, քննարկվելու է կանանց ծանրամարտում նոր քաշային կարգի ներմուծումը: Առաջարկվում է +75 փոխարեն մրցումներ անցկացնել մինչև 90 և +90 կգ-ում»:





