Հայաստանի հունահռոմեական ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Օլիմպիական չեմպիոն Լևոն Ջուլֆալակյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց, որ Հայաստանի հավաքականն աշխարհի լավագույն թիմերից է:
“Եթե անկեղծ լինեմ, մենք ակնկալում էինք Օլիմպիադա մեկնել վեց հոգով: Մենք պետք է ներկայացուցիչ ունենայինք նաև 55 և 84 կգ քաշային կարգերում, ցավոք չստացվեց: Անկախ ամեն ինչից մեր հավաքականը Լոնդոնում լավ մասնակցեց և կարողացավ երկու մեդալ նվաճել: Ավելի ուրախ կլինեինք ոսկե մեդալ նվաճել, սակայն ինչ-որ մի բան չհերիքեց”,- ասաց Ջուլֆալակյանը:
Օլիմպիական խաղերում հունահռոմեական ըմբիշներից արծաթե մեդալ էր նվաճել Արսեն Ջուլֆալակյանը, իսկ Արթուր Ալեքսանյանը դարձել էր բրոնզե մեդալակիր:
Մարզիչը խոստովանեց, որ իր ակնկալիքները Արսեն Ջուլֆալակյանից և Ալեքսանյանից ավելին են եղել, և ըմբիշները պատրաստ են եղել ոսկե պարգևների արժանանալու:
“Պետք է նշեմ, որ Յուրի Պատրիկեևից էլ մեդալի ակնկալիք ունեինք, սակայն նա առաջին մարտի ժամանակ շատ ուժեր վատնեց ու այլևս չկարողացավ վերականգնվել: Այդուամենայնիվ, մենք ունենք Օլիմպիական մեդալներ և շատ ուրախ ենք դրա համար”,- եզրափակեց Ջուլֆալակյանը:





