AM
21 Օգոստոս 2012 - 07:31 AMT

Պարալիմպիական խաղերին Հայաստանը ներկայացնելու են 2 մարզիկներ

Օգոստոսի 29-ից սեպտեմբերի 9-ը Լոնդոնում կայանալիք 14-րդ Պարալիմպիական խաղերին Հայաստանը լող և ծանրամարտ մարզաձևերում ներկայացնելու են Մարգարիտա Հովակիմյանը և Գրետա Վարդանյանը: Լոնդոնյան Պարալիմպիադային 20 մարզաձևերում 160 երկրներ ներկայացնելու են 4200 մարզիկներ:

Ծանրորդ Գրետա Վարդանյանը (48 կգ) մրցահարթակ է դուրս գալու սեպտեմբերի 1-ին: Մարզուհին խոստովանեց, որ պատրաստ է խաղերին և փորձելու է պայքարել մեդալի համար:

“Շատ ուրախ եմ, որ առաջին անգամ մասնակցելու եմ Պարալիմպիական խաղերին, ընդհանրապես չեմ անհանգստանում, քանի որ լավ մարզումներ եմ անցկացրել և պատրաստ եմ: Մայիսին Ցինցինատիում կայացած մրցաշարում 100 մետր բրասում 2 ր 17 վրկ արդյունք եմ ցույց տվել: Պետք է բարելավեմ արդյունքս, հասցնեմ այն 1 րոպե 55 վրկ, որպեսզի կարողանամ երկրորդ տեղը զբաղեցնել”,- ասաց Հովակիմյանը, որը Լոնդոնում հանդես է գալու սեպտեմբերի 5-ին:

«Փյունիկ» Հայաստանի հաշմանդամների միության նախագահ, Հայաստանի Պարալիմպիական կոմիտեի նախագահ Հակոբ Աբրահամյանն էլ նշեց, որ Պարալիմպիադայում երկու մարզիկներ են հանդես գալու, քանի որ ավելի շատ վարկանիշ ապահովելը մեծ գումարների հետ է կապված. “Այս անգամ բավական առաջկցություն կար և պետության և մասնավոր կազմակերպությունների կողմից, որոնք շատ են օգնել մեր մարզիկներին: Նրանց մարզավիճակը լավ է և ակնկալում ենք լավ արդյունքներ”:

Պարալիմպիական խաղերին պատրաստվելու համար պետությունը տրամադրել է 5,8 մլն դրամ: Հայաստանի պատվիրակությունը Լոնդոն է մեկնելու 6 հոգով, իսկ բացման արարողության ժամանակ դրոշակակիրը լինելու է Գրետա Վարդանյանը: