AM
21 Օգոստոս 2012 - 08:29 AMT

Հակոբ Աբրահամյան. Հայաստանը Պարալիմպիադային կարող էր մասնակցել ավելի շատ թվով մարզիկներով

Հայաստանի «Փյունիկ» հաշմանդամների միության նախագահ, Հայաստանի Պարալիմպիական կոմիտեի նախագահ Հակոբ Աբրահամյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց, որ Հայաստանը Լոնդոնի Պարալիմպիական խաղերին կարող էր մասնակցել ավելի շատ թվով մարզիկներով:

«Ապրիլին մեր առագաստանավորդներն Անգլիայում մասնակցեցին վարկանշային մրցաշարի, սակայն մարզիկներից մեկի առողջական վատ վիճակի պատճառով դուրս եկան մրցապայքարից և զրկվեցին Պարալինմիկ խաղերի մասնակցությունից»,- ասաց Աբրահամյանը:

Ըստ նրա, Հայաստանից այս խաղերին կարող էին մասնակցել նաև մի քանի այլ ծանրորդ, սակայն խանգարել են ֆինանսական խնդիրները:

«Մենք ունենք նաև բասկետբոլի, սեղանի թենիսի թիմեր, սակայն նրանք չեն մասնակցում մրցաշարերի և փաստորեն իրավունք էլ չեն ունենում արդեն ելույթ ունենալ Պարալիմպիադային»,- շարունակեց նա:

Լոնդոնի 14-րդ Պարալիմպիական խաղերը կկայանան օգոստոսի 29-ից սեպտեմբերի 9-ը: Հայաստանը լող և ծանրամարտ մարզաձևերում ներկայացնելու են Մարգարիտա Հովակիմյանը և Գրետա Վարդանյանը:

Վարդանյանը սեպտեմբերի 1-ին հանդես կգա մինչև 48 կգ քաշային կարգում, իսկ Հովակիմյանը սեպտեմբերի 5-ին ելույթ կունենա 100 մ բրասում: