Հայաստանում գտնվող ձյուդոյի Օլիմպիական չեմպիոն Արսեն Գալստյանը (Ռուսաստան) և Հայաստանի հավաքականի կազմում շախմատի Համաշխարհային Օլիմպիադայի չեմպիոն Տիգրան Պետրոսյանը սեպտեմբերի 13-ին այցելել են Ծիծեռնակաբերդ և ծաղիկներ դրել Ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին:
PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում Գալստյանն ասաց, որ վաղուց է ցանկացել լինել իր հայրենիքում և ուրախ է, որ Օլիմպիադայից հետո կարողացավ ժամանակ գտնել և ժամանել Հայաստան: « Ես ծնվել եմ Տավուշի մարզի Ներքին Կարմիր գյուղում և առաջին հերթին եղել եմ այնտեղ: Ես մինչև 7 տարեկանը Ներքին Կարմիրում եմ ապրել, այնուհետև ընտանիքով տեղափոխվել ենք Ռուսաստան: Ինձ այնտեղ շատ ջերմ են ընդունել, ինչի համար չափազանց շնորհակալ եմ»,- նշեց Օլիմպիական չեմպիոնը:
Նա խոստովանեց, որ անբացատրելի զգացողություններ է ունեցել Օլիմպիական պատվոհարթակի վրա. «Անսահման հպարտ էի, որ իմ պատվին հնչում էր Ռուսաստանի օրհներգը: Էմոցիաները պարզապես խեղդում էին ինձ»:
Նրա խոսքով շատ վատ է, որ հայ ձյուդոիստներին չի հաջողվել Օլիմպիադայում մեդալներ նվաճել ու ցավալի է, որ Հովհաննես Դավթյանը մոտ լինելով մեդալին`այն բաց թողեց ձեռքից: «Ցանկանում եմ, որ Հայաստանը ավելի շատ մարզիկներ ներկայացնեն տարբեր մրցաշարերում և կարողանան մեդալներով վերադառնալ: Անհրաժեշտ է նոր խնդիրներ դնել մարզիկների առջև ու մարզչական շտաբում փոփոխություններ կատարել»,- ընդգծեց նա:
Գալստյանը ժխտեց այն լուրերը, որ հնարավոր է մոտ ապագայում հանդես գա Հայաստանի հավաքականում: Ձյուդոիստը նաև ավելացրեց, որ այս տարի հանգստանալու է և մրցելույթները շարունակելու է 2013 թվականին: Նա հանդես է գալու աշխարհի առաջնությունում և կրկին պատրաաստվելու է Օլիմպիական խաղերին:





