AM
13 Սեպտեմբեր 2012 - 09:31 AMT

ՀՖՖ-ն բողոքարկել է Բուլղարիա-Հայաստան ֆուտբոլային խաղի կանոնների խախտումները

Բուլղարական մի շարք լրատվամիջոցներ անդրադարձել են Բուլղարիա-Հայաստան ֆուտբոլային հանդիպմանը, որոնք պարունակում են բազմաթիվ անճշտություններ, PanARMENIAN.Net-ին տեղեկացնում է ՀՖՖ մամուլի ծառայությունից:

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան բողոքարկել է Բուլղարիա-Հայաստան հանդիպման այն դրվագները, որոնք ֆուտբոլի ազգային ֆեդերացիաները` ըստ ՖԻՖԱ-ի կանոնակարգերի, իրավունք ունեն բողոքարկելու: Դրանք բացառապես կապված են ֆուտբոլային խաղի կանոնների հետ:

Մանրամասները հրապարակել ՀՖՖ-ն նպատակահարմար չի գտնում, քանի որ դրանք դրվելու են քննարկման: Ֆուտբոլային հանդիպման կազմակերպման, կարգապահական և մի շարք այլ դրվագներով զեկույց ներկայացնելու և դրանք արձանագրելու իրավունքը պատկանում է ՖԻՖԱ-ի կոմիսարին և ոչ ազգային ֆեդերացիաներին:

Մինչ այդ, բուլղարական sportal.bg-ը, հղում անելով «Меридиан Мач»-ին, գրել էր, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան բողոքներ է ներկայացրել ՖԻՖԱ: Ըստ լուրերի, հայկական կողմը բողոքարկել է Բուլղարիա- Հայաստան հանդիպման մրցավար Սթիվեն Շտուդերի գործողությունները և բուլղարացի երկրպագուների պահվածքը: Բուլղարացիները խաղի ժամանակ հայերին անվանել էին «ցիգաններ»: Եթե ՖԻՖԱ-ն բուլղարացի երկրպագուների պահվածքը որպես ռասիզմ ընդունի, ապա Բուլղարիան մեկ կամ երկոև խաղ հանդիպումները կանցկացնի առանց երկրպագուների:

Բուլղարիա- Հայաստան հանդիպումն ավարտվել էր 1:0 հաշվով, դաշտից հայ ֆուտբոլիստներից հեռացվել էին Գևորգ Ղազարյանն ու Մարկոս Պիզելլին: