Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիայի փոխնախագահ Դավիթ Խիթարյանը` պատասխանելով PanARMENIAN.Net-ի թղթակցի հարցին ասաց, որ մինչև սեպտեմբերի վերջ պարզ կդառնա, թե ով է գլխավորելու Հայասանի հավաքականը:
«Մեր երեք տարիքային խմբերի հավաքականներում էլ մարզչական փոփոխություններ են սպասվում: Առաջնություններից ու Օլիմպիական խաղերից հետո մենք հետևություններ ենք արել և արդեն այս ամսվա վերջում պարզ կլինեն այն մասնագետների անունները, ովքեր կաշխատեն մեր ձյուդոիստների հետ»,- ասաց նա:
Խիթարյանը նշեց, որ Լոնդոնի Օլիմպիական խաղերում հայ ձյուդոիստների ելույթից ֆեդերացիան դժգոհ չէ: Սա հայ ձյուդոիստների համար եղել է 5-րդ Օլիմպիադա, առաջինի ժամանակ հայ մարզիկը մասնակցել է սպիտակ քարտով, իսկ արդեն Լոնդոնում Հայաստանն ունեցել է երկու ներկայացուցիչ:
«Մեր Հովհաննես Դավթյանն ու Արմեն Նազարյանը լավ պատրաստություն էին անցել և կարող էին մեդալ նվաճել: Դավթյանը զբաղեցրեց 7-րդ տեղը, և սա վատ արդյունք չէ: Իհարկե, բացթողումներ կան, սակայն արդեն Օլիմպիական հաջորդ ցիկլում կաշխատենք ամեն ինչ, որպեսզի էլ ավելի լավ ելույթներ լինեն»,- ընդգծեց Խիթարյանը:





