AM
19 Սեպտեմբեր 2012 - 06:16 AMT

Հրաչյա Ռոստոմյան. Բարձրագույն նվաճումների սպորտի համակարգը անկատար է և անհրաժեշտ է կատարել բարեփոխումներ

Հայաստանի սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունում տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ նախարար Հրաչյա Ռոստոմյանն անդրադարձել է ոլորտում առկա խնդիրներին և հրատապ լուծման կարիք ունեցող հիմնահարցերին:

Հանդիպման ընթացքում քննարկվել են բարձրագույն նվաճումների սպորտի համակարգի, մարզական հերթափոխի պատրաստման և մանկապատանեկան սպորտի զարգացմանն ուղղված հարցեր:

«Իմ գնահատմամբ բարձրագույն նվաճումների սպորտի համակարգը անկատար է և անհրաժեշտ է կատարել արմատական բարեփոխումներ» ,-նշել է նախարարը և փաստել, որ այսօր ոլորտում պատասխանատվությունը բաշխվում է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության, ՀԱՕԿ-ի, մարզաձևերի ազգային ֆեդերացիաների և մարզական հասարակական կազմակերպությունների միջև, այնինչ հավաքական թիմերի մասնակցության համար առաջնահերթ պատասխանատվություն պետք է կրեն մարզաձևերի ազգային ֆեդերացիաների ղեկավարները և հավաքական թիմերի մարզիչները. «Այդ պատասխանատվությունը անհրաժեշտ է ամրագրել թե իրավական և թե տնտեսական չափանիշներով »:

Կարևորվել է նաև մարզադպրոցների ֆինանսավորման, ինչպես նաև մարզադպրոցներում աշխատող մարզիչ-մանկավարժների վարձատրության և նրանց խրախուսման հարցերը։

Մարզաձևերի ազգային ֆեդերացիաների ղեկավարներին առաջարկվել է կատարելագործել Հայաստանի առաջնությունների անցկացման կանոնադրությունները և բարձացնել առաջնությունների անցկացման ու սպասարկման որակը, ինչպես նաև նախարարության հետ համատեղ մշակել մարզիչների նշանակման, հավաքական թիմերի կազմի հաստատման գործընթացը կարգավորող նորմատիվ իրավական ակտեր:

Քննարկված հարցերի արդյունավետ լուծման նպատակով ձևավորվելու է աշխատանքային խումբ, որի ներկայացրած առաջարկությունների փաթեթը կընդգրկվի «Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի 2013-2016 թթ. զարգացման ծրագրում»: