AM
21 Սեպտեմբեր 2012 - 10:52 AMT

Հրաչյա Ռոստոմյանը ընդունել է դահուկային սպորտի միջազգային ֆեդերացիայի փոխնախագահին

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանը, սեպտեմբերի 21-ին, ընդունել է դահուկային սպորտի միջազգային ֆեդերացիայի փոխնախագահ Ժոզեֆ Մեյների գլխավորած պատվիրակությանը: Պատվիրակությունը Երևան է ժամանել միջազգային դահուկային ֆեդերացիայի (ISF) առաջնորդների սեմինարի աշխատանքներին մասնակցելու նպատակով:

Նմանատիպ սեմինար առաջին անգամ է անցկացվում Հայաստանում: Սեմինարը, որի աշխատանքներին մասնակցելու են 20 երկրների դահուկային սպորտի շուրջ 30 ներկայացուցիչներ, այդ թվում սպորտաձևի միջազգային ֆեդերացիայի ղեկավարները, տեղի է ունենալու սեպտեմբերի 21-ից 23-ը Երևանում:

Սեմինարն անցնելու է ճանապարհ Երևանից Սոչի կարգախոսով, նվիրված 2014թ. ձմեռային օլիմպիադային: Ողջունելով հյուրերին, նախարարը նշել է, որ Հայաստանում մի փոքր դժվար են զարգանում ձմեռային մարզաձևերը, սակայն, հույս է հայտնել, որ հետագայում սպորտաձևի նկատմամբ ցուցաբերվող համակարգված մոտեցմամբ հնարավոր է լուրջ ձեռքբերումներ արձանագրել:

ISF փոխնախագահը, պատվիրակության անունից շնորհակալություն է հայտնել նախարարին ջերմ ընդունելության համար և փաստել, որ այսօր Երևանում մեկնարկող սեմինարը կնպաստի Հայաստանում դահուկային սպորտի մասսայականացմանը: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաև համագործակցության հեռանկարային բազմաթիվ այլ ծրագրեր, տեղեկացնում է սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը: