Հոկտեմբերի 12-ին «Հրազդան» մարզադաշտում տեղի է ունենալու 2014 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի Հայաստան-Իտալիա հանդիպումը: Խաղի տոմսերը վաճառքի են հանվել սեպտեմբերի 24-ից և արժեն 3000, 5000, 7000 և 10000 դրամ:
Հայ երկրպագուների մի մասի կարծիքով, խաղի տոմսերը իրենց համար անմատչելի են և նրանք նամակով դիմել են ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանին:
«Մի քանի տարի առաջ Հայաստան-Թուրքիա պատմական խաղն առաջացրեց մեծ իրարանցում, սպասվում էր, որ «Հրազդանը» լեփ-լեցուն կլինի հանդիսականներով, սակայն մարզադաշտի տրիբունաները մնացին կիսադատարկ, քանի որ գները մատչելի չէին: Մտավախություն կա, որ առաջիկա հանդիպման ժամանակ կարող է կրկնվել Հայաստան-Թուրքիա խաղի պատմությունը, ինչի արդյունքում մեր ազգային հավաքականը կզրկվի հզոր աջակցությունից: Դուք բազմիցս նշել եք, որ տոմսերի նման բարձր գինը պայմանավորված է միջազգային պարտավորվածություններով և չի կարող լինել ավելի մատչելի։ Սակայն հարևան Վրաստանում, որի ֆուտբոլային ֆեդերացիան նույն միջազգային պարտավորվածությունների կրողն է, տնային հանդիպումների տոմսերի արժեքը ավելի էժան է, քան մեզ մոտ: Խնդրում ենք ընդառաջել մեր պահանջին, հանձնարարել վերանայել մեր հավաքականի խաղերի տոմսերի գները և իջեցնել դրանք, որպեսզի հոկտեմբերի 12-ին բոլորս միասին լինենք մեր հավաքականի կողքին»,- գրված է նամակի մեջ:





