AM
25 Սեպտեմբեր 2012 - 11:36 AMT

Հայտնի են դարձել Quadra Drive 2012 միջազգային բաց առաջնության հաղթողները

Էքստրեմալ սպորտի «Ադրենալին» ասոցիացիան և «ԱրմենՏել» ընկերությունը պարգևատրել են Quadra Drive 2012 միջազգային բաց առաջնության հաղթողներին: Տավուշի մարզում կայացած Jeep Trophy կողմնորոշում տիպի առաջնությանը մասնակցել են 32 մարզիկ Հայաստանից, Վրաստանից և Ռուսաստանից:

Միջոցառումը մեկնարկել է Դիլիջան քաղաքում: Մարզիկները տոպոլոգիական քարտեզների օգնությամբ անցել են երթուղու նշված կետերով, Մեծ և Փոքր Մայմեխ սարերով` հասնելով Իջևան, որտեղ էլ ազդարարվել է ավարտը: 16-ժամյա մրցույթի հաղթողներ են ճանաչվել ամենաշատ միավոր հավաքած մարզիկները:

Արտաճանապարհային մեքենաների դասում մրցանակային 3 տեղերն են զբաղեցրել Դավիթ Մարտիրոսյանը, Ռուբեն Սահակյանը և Լյուդվիգ Երմազյանը: Քառացիկլետների դասում մրցանակակիրներ են դարձել Էդուարդ Գայֆաջյանը, Գարեգին Արզումանյանը և Հակոբ Ղարախանյանը:

Մարզիկներն ընդհանուր առմամբ հաղթահարել են 180 կմ: Մրցույթներին հետևում էին Դիլիջանի, Իջևանի և մոտակա գյուղերի հազարավոր բնակիչներ: Մրցանակաբաշխության արարողությունը տեղի է ունեցել Իջևան քաղաքում: