Հայ լեռնագնացների թիմը հոկտեմբերի 5-ից նբոյեմբերի 1- ը կմասնակցի փառատոնի, որը կկայանա Հիմալայան լեռներում:
Յոթ հոգուց կազմված հայկական թիմը, որի կազմում չորս աղջիկներ են, առաջին անգամ է մասնակցելու այս փառատոնին, որում ամեն տարին հանդես են գալիս մոտավորապես 18 000 լեռնագնացներ: Հայկական թիմում բացի հայ մասնակիցներից լինելու են նաև երեք ռուս լեռնագնացներ:
«Մենք հրավեր ստացանք կազմակերպիչներից և որոշեցինք անպայման մեկնել: Բարձրանալու ենք Անապուրնա լեռը, որի բարձրությունը հասնում է 8000 մետրի: Սկզբից բարձրանալու ենք 6500 մ, ու եթե եղանակային պայմանները ներեն, ապա կշարունակենք մեգլցել»,- նշեց Armenian Extreme Club-ի նախագահ Գոռ Հովհաննիսյանը:
Ըստ Հովհաննիսյանի, Հայաստանի լեռները նման են Հիմալայան լեռանաշղթային, այդ պատճառով իրենք դժվարություն չեն ունենա հարմարվելու. «Մեր առաջնային նպատակն է լինելու տեսնել ու սովորել, թե ինչպես են կարողանում կազմակերպել նմանատիպ միջոցառումներ: Մեր երկիրը հիանալի լեռներ ունի, որտեղ կարող ենք կազմակերպել լեռնագնացություններ, սակայն սովորելու շատ բաներ ունենք»:





