AM
26 Սեպտեմբեր 2012 - 08:27 AMT

Կայացել է ԵԽ անդամ երկրների երիտասարդական ոլորտի պատասխանատու նախարարների կոնֆերանսը

Սանկտ Պետերբուրգում կայացել է Եվրոպայի խորհրդի անդամ երկրների երիտասարդական ոլորտի պատասխանատու նախարարների 9-րդ կոնֆերանսը:

Միջոցառումն աննախադեպ էր մասնակից երկրների քանակով և ներկայացուցչության մակարդակով: Հայաստանի պատվիրակությունը կոնֆերանսում ներկայացրել է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Արսեն Քարամյանը:

Կոնֆերանսին նախորդել էր երիտասարդական միջոցառում, որին մասնակցել են երիտասարդական քաղաքականության ոլորտի ավելի քան 90 ներկայացուցիչներ: Հայկական կողմը ներկայացնում էր Երիտասարդական միջոցառումների իրականացման կենտրոնի տնօրեն Դավիթ Հայրապետյանը: Ձեւավորված եզրակացությունները ներկայացվել եւ քննարկվել են նախարարների կոնֆերանսի ընթացքում:

«Երիտասարդների հասանելիությունը իրավունքներին. երիտասարդական նորարարական քաղաքականության զարգացումը» խորագրի ներքո անցկացված կոնֆերանսի աշխատանքի հիմնական ուղղություններն էին՝ «Երիտասարդների սոցիալական ընդգրկվածություն», «Ժողովրդավարություն և մասնակցություն», «Համատեղ ապրել տարբեր հասարակություններում»:

Երիտասարդական միջոցառման ու նախարարների կոնֆերանսի հինգ աշխատանքային օրերի ընթացքում քննարկվել են երիտասարդներին հուզող բազմաթիվ խնդիրներ և առաջարկվել են դրանց լուծման հիմնական ուղիները:

Կոնֆերանսի ընթացքում բոլոր մասնակիցների կողմից նշվել և շեշտվել է հատկապես այն իրողությունը, որ երիտասարդությունը դադարել է խնդիր լինելուց եւ այժմ կարեւորագույն ներուժ է յուրաքանչյուր պետության համար, հաղորդում է սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության պաշտոնական կայքը: