AM
27 Սեպտեմբեր 2012 - 08:41 AMT

Հայաստանի Այկիդո Այկիկայ ֆեդերացիայի նախագահ Արմեն Ավետիսյանը ստացել է 4-րդ դանի վարպետի կոչում

Հայաստանի Այկիդո Այկիկայ ֆեդերացիայի նախագահ Արմեն Ավետիսյանը Տոկիոյում մասնակցել է միջազգային ֆեդերացիայի 11-րդ կոնգրեսին, որն անցկացվել է սեպտեմբերի 17-24-ը: Այնտեղ կայացած սեմինար-փառատոնի ընթացքում Ավետիսյանը ստացել է 4-րդ դանի վարպետի կոչում:

«Դա շատ կարևոր էր, քանի որ կնպաստի, որ Այկիդո Այկիկայի ֆեդերացիան արագացնի մեր ֆեդերացիայի ճանաչումը: Մյուս տարի Սանկտ-Պետերբուրգում կկայանա կոնգրես, որի ժամանակ էլ կորոշվի մեր ճանաչման հարցը: Ես ուրախ եմ, որ մեր ֆեդերացիայի գործունեության 17 տարիների ընթացքում այդ հարցը վերջապես կլուծվի»,- ասաց Ավետիսյանը:

Նրա խոսքով, Ճապոնիայում էին հավաքվել վարպետներ և 1000 անդամներ աշխարհի գրեթե բոլոր երկրներից: «Սեմինարը հնարավորություն տվեց ծանոթանալու իմ կարողություններին և նոր բաներ սովորելու: Ես այնտեղ հանդիպել եմ նաև Արթուր Հովհաննիսյանին, որը կիոկուշին կարատե է դասավանդում Ճապոնիայում: Դա ևս մեկ անգամ այն մասին է փաստում, որ հայերը արևելյան մարտարվեստներում կարող են հաջողություններ գրանցել»,-ընդգծեց նա:

Ավետիսյանն ավելացրեց, որ 2 օր անց «Միկա» մարզադահլիճում Այկիդո Այկիկայի մարզիկները ցուցադրական ելույթներով են հանդես գալու Հայաստանի ուշուի ֆեդերացիայի 20-ամյակի միջոցառման ժամանակ: