AM
13 Նոյեմբեր 2012 - 16:18 AMT

Օծվեց Նինոծմինդայի Ջգրաշեն գյուղի Սուրբ հրեշտակապետաց եկեղեցին

Նինոծմինդայի շրջանի Ջգրաշեն գյուղի բնակչության համար, նոյեմբերի 11-ին տեղի ունեցավ հիմնովին վերանորոգված Սուրբ հրեշտակապետաց եկեղեցու օծումը: ԻՆչպես հայտնում է Վիրահայոց թեմի մամուլի ծառայությունը, , միջոցառմանը մասնակցել են Վիրահայոց թեմի առաջնորդ գերաշնորհ Տ. Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը, Սամցխե Ջավախքի թեմի ընդհանուր առաջնորդական փոխանորդ Տ. Բաբգեն աբեղա Սալբիյանը, Նինոծմինդայի հայ համայնքների հոգևոր հովիվ Տ. Արմաշ քահանա Պողոսյանը, Ախալքալաքի Սուրբ Խաչ Եկեղեցու հոգևոր հովիվ Տ. Տաթև քահանա Մանուկյանը, ծնունդով ջգրաշենցի ռուսաստանաբնակ Արսեն Քսպոյանն ընտանիքի հետ, հոգևոր հայրեր, հասարակության ներկայացուցիչներ:

Դեռևս 1829-1830 ական թվականներին Կարնո գավառի մի քանի գյուղերից փոխադրված հայ ընտանիքների եկեղեցին երկար տարիներ գտնվում էր կիսաքանդ վիճակում, և ռուսաստանաբնակ ջգրաշենցի Արսեն Քսպոյանի բարերարությամբ, հիմնովին վերանորոգվել է: Բարեկարգվել ու ցանկապատվել են եկեղեցու բակը և տարածքը:

Այնուհետև նորաօծ Եկեղեցում մատուցվեց սուրբ պատարագ, որի պատարագիչն էր Տեր Արմաշ քահանա Պողոսյանը:

Պատարագից հետո Ջգրաշենի եկեղեցում կատարվեց առաջին մկրտությունը: Վերականգնված եկեղեցում սրբասուրբ մյուռոնով մկրտվեցին Արսեն Քսպոյանի ընտանիքի ութ անդամները, դառնալով նորաօծ Եկեղեցու առաջին մկրտվողները:

Հավատացյալների մոտ եկեղեցում մատուցված պատարագից ստացած հոգու խաղաղությանը տոնական շունչ հաղորդեց Ալիկ Քսպոյանի ղեկավարած «Ջավախք» երգի-պարի համույթի համերգը, որը կայացավ եկեղեցու բակում: Այնուհետև ժողովրդին մատաղ բաժանվեց: Գյուղում տիրող ուրախ տրամադրությունը շարունակվեց մինչև ուշ երեկո: