Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 17:00-ին, Ժամանակակից արվեստի թանգարանում կբացվի Կամո Նիգարյանի անհատական ցուցահանդեսը: Արվեստագետի նախկինում երբևէ չցուցադրված աշխատանքները ներկայացնող ցուցահանդեսը կրում է «Նախակերպեր» «Protoforms» խորագիրը: Ներկայացնելով մոտ 50 աշխատանք՝ ցուցահանդեսը և ուղեկցող պատկերագիրքը բացահայտում են Նիգարյանի փնտրտուքների արդյունքները: Կցուցադրվեն Նիգարյանի 1980-2011թթ. ստեղծված աբստրակտ գեղանկարչական աշխատանքները:
Ցուցահանդեսի կազմակերպման նախաձեռնությունը «Մշակույթների երկխոսություն» հիմնադրամի նախագահ Սոնա Հարությունյանի և Երևանի Ժամանակակից արվեստի թանգարանինն է՝ Կամո Նիգարյանի այրի Մարինե Հարոյանի հետ համագործակցությամբ: Ցուցահանդեսի և պատկերագրքի հայեցակարգի հեղինակն է Սիդնեյի համալսարանի դոկտորանտ, արվեստաբան և համադրող Վիգեն Գալստյանը:
Ցուցահանդեսը բաց կլինի մինչև դեկտեմբերի 25-ը:
Կամո Նիգարյանը ծնվել է 1950թ. Հելենդորֆում: 1973թ. ավարտել է Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտի նորաբաց դիզայնի ֆակուլտետը: Նրա ստեղծած Հեղափոխության, Եղիշե Չարենցի և Սերգեյ Մերկուրովի թանգարանների էքսպոզիցիաները` ցուցահանդեսային ձևավորման եզակի օրինակներ են: Միաժամանակ Նիգարյանը զբաղվում է նկարչությամբ իր արվեստանոցում և մասնակցում է ոչ կոնֆորմիստական ցուցահանդեսների և «հեփփենինգների»: Չնայած Նիգարյանի զգալի նվաճումներին՝ որպես նկարիչ, լուսանկարիչ և դիզայներ` խորհրդային մշակութային կառույցները հիմնականում անտեսում էին նրա աշխատանքները, որոնք հակասում էին պաշտոնական գաղափարախոսությանը:
Բացառություն էր ժամանակակից արվեստի թանգարանի հիմնադիր տնօրեն Հենրիկ Իգիթյանը, ում շնորհիվ Հայաստանի անկախացումից հետո նրա աշխատանքները ցուցադրվեցին հայ արդի արվեստը ներկայացնող բացմաթիվ միջազգային ցուցահանդեսներում` Փարիզում, Հռոմում և Թեհրանում: 2001թ. արվեստագետը համաձայնվեց կազմակերպել անհատական ցուցահանդես Հայաստանի նկարիչների միության տանը: Իսկ 2010-ին Երևանի ժամանակակից արվեստի թանգարանում բացվեց Նիգարյանի լուսանկարչական աշխատանքների ցուցահանդեսը` հանրության համար նորովի բացահայտվելով տաղանդաշատ արվեստագետի բազմակողմանի արվեստը: 2011թ. Կամո Նիգարյանն անժամանակ հեռացավ կյանքից:





