AM
7 Դեկտեմբեր 2012 - 07:08 AMT

Ղարաբաղյան հակամարտությանը նվիրված ցուցահանդես՝ «Մոսկվա» կինոթատրոնում

Դեկտեմբերի 10-ին՝ ժամը 12:00-ին, «Մոսկվա» կինոթատրոնում կբացվի «Տարբեր դեմքեր, ընդհանուր հույսեր» ցուցահանդեսը: Հայաստանում Եվրամիության պատվիրակությունը «International Alert» ՀԿ հետ համատեղ կազմակերպել է ղարաբաղյան հակամարտությանը նվիրված լուսանկարչական ցուցահանդես: Լուսանկարներում պատկերված են դեմքեր, որոնք ցայտուն կերպով ներկայացնում են Հարավային Կովկասի այդ հակամարտության հումանիտար կողմը, որտեղ յուրաքանչյուր անհատ առաջին հերթին մարդ արարած է:

2011թ. մարտ-ապրիլ ամիսներին «International Alert»-ը հակամարտության գոտում գտնվող մարդկանց դիմանկարների մի շարք թողարկեց: Լուսանկարների հեղինակը միջազգային մրցանակների արժանացած լուսանկարիչ Ջոնաթան Բենքսն է:

Նախագծի նպատակն էր լուսանկարների միջոցով պատկերել տարբեր մարդկանց դեմքեր, որոնք պարզորոշ կերպով ներկայացնում են հակամարտության մարդկային կողմը, որտեղ յուրաքանչյուր անհատ ամենից առաջ մնում է մարդ արարած, ով իրավունք ունի լինելու այնպիսին, ինչպիսին կա և վարելու արժանապատիվ և խաղաղ կյանք, որտեղ էլ որ ապրի: Հենց այդ լուսանկարներն էլ մինչև դեկտեմբերի 17-ը կցուցադրվեն «Մոսկվա» կինոթատրոնում:

Նախաձեռնությունը հնարավոր դարձավ մի խումբ միջազգային փորձագետների շնորհիվ, ովքեր «International Alert»-ի հետ մեկնեցին հակամարտության գոտի՝ կիսելու իրենց իմաստությունը, փորձը և խաղաղարար գործունեության հանդեպ ձգտումը տեղի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների, պաշտոնյաների, լրատվամիջոցների և տարածաշրջանի գործընկերների հետ:

«International Alert»-ը 25 տարի գործող անկախ խաղաղարար կազմակերպություն է, որն աշխատում է հակամարտությունից տուժած մարդկանց հետ՝ խաղաղության հեռանկարն ավելի շոշափելի դարձնելու համար: Կազմակերպությունն իր գործունեությունը ծավալում է Աֆրիկայում, Ասիայի որոշ երկրներում, Հարավային Կովկասում, Մերձավոր Արևելքում և Լատինական Ամերիկայում, իսկ վերջերս՝ նաև Միացյալ Թագավորությունում: