Համացանցում արդեն հասանելի է «Գարեգին Նժդեհ» ֆիլմի պաշտոնական թրեյլերը: Ինչպես PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում ասաց ֆիլմի բեմադրող ռեժիսոր և պրոդյուսեր Հրաչ Քեշիշյանը, թողարկված թրեյլերն առաջինն է, բայց ոչ վերջինը: «Կլինի նաև ավելի երկար թրեյլեր: Ֆիլմի նկարահանման աշխատանքներն ավարտվել են, այժմ ընթանում են մոնտաժման և հնչյունավորման աշխատանքները»,- ասաց ռեժիսորը:
Քեշիշյանը տեղեկացրեց, որ ֆիլմը լույս կտեսնի 2013թ. սկզբին: «Մենք նկարահանման խմբով որոշեցինք, որ ֆիլմը կնվիրենք հայոց բանակի կազմավորման 21-ամյակին և մեծ հույս ունենք, որ կկարողանանք պրեմիերան կազմակերպել հենց հունվարի վերջին»,- նշեց նա` հավելելով պայմանավորվածություն է ձեռք բերել ֆիլմում նկարահանված Չուլպան Խամատովայի (Նժդեհի կին Էփիմե) և Միխայիլ Եֆրեմովի (Պետկո Խրիստով) հետ, որպեսզի նրանք անպայման ներկա գտնվեն պրեմիերային:
Ֆիլմի սցենարի հեղինակը Քրիստ Մանարյանն է, որի արմատները Նախիջևանից են, ինչպես և Նժդեհինը: «Սցենարի վրա աշխատելիս ահռելի քանակությամբ նյութեր ունեինք, և մեզ մնում էր միայն ընտրել և սցենարում ընդգրկել ամենահավաստի, լիարժեք և բովանդակալից տեղեկությունները: Պետք է նշեմ, որ սցենարի ստեղծման ընթացքում մեզ մեծապես օգնել է Արտակ Վարդանյանը, որը շատ լավ ուսումնասիրել է Գարեգին Նժդեհի կյանքն ու գործունեությունը: Սցենարի համար կարևոր էին նաև Վաչե Հովսեփյանի հուշերը Նժդեհի հետ Երևանի բանտում անցկացրած մեկ տարվա մասին»,- պատմեց նա` հավելելով, որ սցենարին աջակցել են նաև մի շարք անհատներ, ովքեր տեղեկանալով նման ֆիլմի պատրաստման մասին, ցանկություն են հայտնել տրամադրելու իրենց ունեցած արխիվային նյութերը:
«Գարեգին Նժդեհ» գեղարվեստական կինոնկարը պատմում է սպարապետ Գարեգին Նժդեհի անցած ռազմական փառապանծ ու դժվարին ուղու մասին` ընդգրկելով զորավարի կյանքի հայտնի, ինչպես նաև ոչ այնքան լուսաբանված դրվագները: Նժդեհին երիտասարդ տարիքում մարմնավորել է Շանթ Հովհաննիսյանը, իսկ հասուն տարիքում` Արտաշես Ալեքսանյանը: Ֆիլմում հանդես են եկել նաև Ֆրիդա Գևորգյանը (Գոհար), Խորեն Լևոնյանը (Սիսիանի զորահրամանատար Պողոս Տեր-Դավթյան), Ալբերտ Սաֆարյանը (Դրո), Վիգեն Ստեփանյանը (Հովհաննես Դևեճյան), Ռոբերտ Հակոբյանը (Ազգային անվտանգության փոխնախարար), Արմեն Մարգարյանը (Վաչե Հովսեփյան), Նազենի Հովհաննիսյանը և այլք:





