ՈւԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինին նշել է միջոցները, որոնք մրցավարը կարող է ձեռնարկել դաշտում եվրոպական ֆուտբոլային միության հովանու ներքո անցկացվող խաղերում ռասիզմի դրսևորման դեպքում, ներառյալ խաղի հնարավոր դադարեցումը:
Պլատինին հավանություն է տվել «Միլանի» ֆուտբոլիստ Քևին Պրինս Բոատենգի պահվածքին, ով հունվարի սկզբին ընկերական խաղի ժամանակ լքել է դաշտը հակառակորդի երկրպագուների կողմից իր հասցեին ռասիստական արտահայտությունների պատճառով: Բոատենգի հետևից դաշտը լքել են նրա թիմակիցները, և խաղն ընդհատվել է:
«Մենք ունենք կանոններ, որոնց մասին գիտեն ՈւԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի և Եվրոպայի լիգայի խաղերը սպասարկող մրցավարները»,- հայտարարել է Պլատինին: ՈւԵՖԱ-ն դարձել է առաջին ֆուտբոլային կազմակերպությունը, որը մրցավարին հստակ ցուցումներ է տվել, թե ինչ անել ռասիզմի դրսևորման դեպքում:
Խոսելով Քևին Պրինս Բոատենգի հետ կապված իրավիճակի մասին` նա գովել է «Միլանի» ֆուտբոլիստին դաշտից հեռանալու որոշման համար: «Ես շնորհակալ եմ Բոատենգին: Ցանկանում եմ նաև շնորհակալություն հայտնել «Միլանի» նախագահին: Կարծում եմ, որ «ռոսոներիի» որոշումը բացարձակապես ճիշտ էր»:
Պլատինին նշել է, որ ռասիզմը տեղ չունի տրիբունաներում, հայտարարելով. «Հիմա մենք պարտավոր ենք ստադիոններից վտարել նրանց, ովքեր խաղերին գալիս են ոչ ֆուտբոլի համար: Նման մարդիկ ֆուտբոլի հետ ընդհանուր ոչինչ չունեն, և նրանք այլ նպատակներ են հետապնդում»:





