AM
23 Մայիս 2013 - 10:24 AMT

Ռ. Քոթանջյան. Art Fest-ում թատրոնը ոսկե մրցանակ չստացավ, որ հասկանան` պետք է արժանանալ

Երիտասարդական շնչի պակաս կար`նոր մոտեցումների, նոր գաղափարների: Art Fest 1-ին հանրապետական երիտասարդական բաց փառատոնի մասնակիցներին չի հաջողվել զարմացնել ժյուրիին: «18-20 տարեկան մարդը խնդիրները լուրջ ակադեմիական տոնով չպետք է ներկայացնի: Աշխատանքներում լուծումները հիմանականում հին էին, դրանք մենք արդեն տեսել էինք: Իսկ կյանքին, խնդիրներին նայելու գունավոր մոտեցում մենք չտեսանք` ոչ ես, ոչ էլ հանձնախմբի մյուս անդամները», – ասաց փառատոնի մասնագիտական հանձնախմբի անդամ Հայկ Օրդյանը:Ուշագրավ է հատկապես այն փաստը, որ թատերարվեստի բնագավառում ոսկե մրցանակ չի հանձնվել: Այս մասին խոսեց նույն հանձնախմբի անդամ Ռաֆայել Քոթանջյանը, ով նախ նշեց ընտրության իր սկզբունքը` ներկայացումը պետք է ասելիք ունենա, իսկ եթե չունի, նշանակում է` արվեստ չէ:

«Թատերարվեստը թույլ էր ներկայացված և դա ունի իր հիմնավորումը` այն կոլեկտիվ արվեստ է: Երիտասարդների համար այնքան էլ հեշտ չէ արվեստի այս տեսակը բարձր մակարդակով ներկայացնել: Բայց շատ կարևորն է, որ մենք չգնացինք այն տարբերակին, թե նշանակենք, գնան, եղածից լավագույնին ընտրենք: Ոսկե մրցանակ չտրվեց, որ հասկանան` դրան պետք է արժանանալ: Վաղը նրանք ավելի խստապահանջ կլինեն իրենց արածի նկատմամբ», – ասաց ՀՀ վաստակավոր դերասանը:

Իսկ խստապահանջությունը և աշխատանքն արվեստում հաջողությունների հասնելու հնարավորություն են տալիս նույնիսկ դեղագործներին: «Լուսանկարչության բնագավառում ոսկե մրցանակը ԵՊԲՀ ուսանողներից մեկը ստացավ», – նկատեց փառատոնի տնօրեն Էրիկ Բարսեղյանը:

Մշակույթի նախարարության աշխատակազմի ժամանակակից արվեստի վարչության պետ Սեյրանուհի Գեղամյանը կարևորեց, որ 1-ին անգամ անցկացվող փառատոնի շուրջ հետաքրքրությունն ակնհայտ էր. «Դա արդեն լուրջ ձեռքբերում է և փորձառություն` հետագա տարիներին փառատոնի կազմակերպչական աշխատանքների նոր որակի համար»: