Հիմնվելով ՀՀ քաղաքացի Անահիտ Սահակյանի բողոքի և ԶԼՄ-ների հրապարակումների վրա, Հայաստանի տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը (ՏՄՊՊՀ) վարչական վարույթ է սկսել «Էյ-Ջի Էլեկտրոնիքս» ընկերությանը պատկանող «Ռիչ քոմփյութերս» խանութ-սրահի դեմ:
Հետևելով հեռուստատեսությամբ հեռարձակվող գովազդային ակցիային՝ Անահիտ Սահակյանը դիմել է «Ռիչ քոմփյութերս» խանութին, ապառիկով համակարգիչ ձեռք բերելու նպատակով: Ըստ ակցիայի, հարկավոր էր ներկայացնել միայն անձնագիրն ու սոցիալական քարտը, սակայն 2012թ. դեկտեմբերին նրան մերժեցին, քանի որ պահանջվում էր նաև տեղեկանք ներկայացնել աշխատավայրից: Քաղաքացին փորձել է կրկին ձեռք բերել համակարգիչ արդեն 2013թ. հունվարին, և կրկին մերժում ստացել:
Հանձնաժողովի նիստում Անահիտ Սահակյանը նշեց, որ չունի պաշտոնական աշխատանք, սակայն կարող է մուծել ապառիկի գումարները: Նա նաև հավելել է, որ այնուամենայնիվ ձեռք է բերել համակարգիչ մեկ այլ խանութից:
Արտակ Շաբոյանը նշեց, որ տնտեսվարող սուբյեկտները Հայաստանում դեռևս անբարեխիղճ մրցակցության են դիմում, գնորդներին գրավելու համար: Ինչպես ասել է նա, «Էյ-Ջի Էլեկտրոնիքս» ընկերությունը կտուգանվի տարեկան հասույթի 1 տոկոսի չափով:
Նա նաև հորդորել է քաղաքացիներին ուշադիր լինել նման «կեղծ» ակցիաների հարցում և դիմել ՏՄՊՊՀ:
Իր հերթին ընկերության լիազոր ներկայացուցիչը հայտարարել է, որ բողոքը չի համապատասխանում իրականությանը, քանի որ ակցիան հայտարարված էր փետրվար-մարտին, ոչ թե դեկտեմբերին և հունվարին: Ավելին, ըստ նրա, ընկերությունն ունի բոլոր փաստաթղթերը, որոնք վկայում են ակցիայի շրջանակներում կնքված գործարքների մասին միայն անձնագրի ու սոցքարտի հիման վրա: «Հանձնաժողովի որոշումն անընդունելի է մեզ համար, մենք մտադիր ենք այն բողոքարկել»,-ասել է ընկերության ներկայացուցիչը:





