Աթենքում «Եվրոպա Նոստրա» կազմակերպության 50-ամյակին նվիրված հոբելյանական կոնգրեսի նախօրեին հրավիրված մամուլի կոնֆերանսի ժամանակ Եվրոպա Նոստրան հրապարակել է Եվրոպայի առավել վտանգված հուշարձանների յոթնյակը: Այն ընդգրկում է մշակութային ժառանգության օրինակներ Ալբանիայից, Կիպրոսից, Ֆրանսիայից, Պորտուգալիայից, Իտալիայից, Ռումինիայից և Թուրքիայից:
Եվրոպայի առավել վտանգված 7 հուշարձանների յոթնյակում է նաև Մարդինի (Արևմտյան Հայաստան, Դիարբեքիրի վիլայեթ, այժմ` Մարդինի վիլայեթի վարչական կենտրոնը) Սբ. Գևորգ հայկական եկեղեցին` ներկայացված Թուրքիայի կողմից: «Շուրջ 15 դարեր Սբ Գևորգ եկեղեցին Մարդին քաղաքի մեծ հայ համայնքի հոգևոր օջախն է հանդիսացել: Պատմական հուշարձան դասակարգված այս շինությունը կառուցվել է 420թ. և օգտագործվել է հայ բնակչության կողմից մինչև 1915թ., մինչև հայերի կողմից քաղաքը լքելը», – ասված է Եվրոպա Նոստրայի պաշտոնական հաղորդագրության մեջ: Միաժամանակ նշվում է, որ հուշարձանը փրկելու մտահոգությունը Եվրոպա Նոստրային է ներկայացրել Թուրքիայի Եվրոպա Նոստրան` Մարդինի կաթոլիկ հայ համայնքի հիմնադրամի աջակցությամբ:
«7 առավել վտանգված վայրեր» ծրագիրը մեկնարկել է 2013թ. հունվարին, որի շրջանակում 21 եվրոպական երկրներ ներկայացրել են 40 թեկնածություններ: Այս Ծրագրին աջակցում է Եվրոպայի հեղինակավոր ֆինանսական կազմակերպություններից մեկը` Եվրոպական ներդրումային բանկը:





