Այսօր Հայաստանի ազգային պատկերասրահում կբացվի ՀԽՍՀ ժողովրդական նկարիչ, քանդակագործ, պրոֆեսոր Սարգիս Բաղդասարյանի ծննդյան 90-ամյակին նվիրված անհատական ցուցահանդեսը:
Սարգիս Բաղդասարյանն աշխատել է հիմնականում մոնումենտալ արձանագործության բնագավառում՝ կերտելով պատմության և արդիականության յուրահատուկ կերպարներ: Քանդակագործը համազգային ճանաչման արժանացած, ավելի քան 20 հուշարձանների հեղինակ է, որոնք իրենց տեղն են գտել Հայաստանում և նրա սահմաններից դուրս («Ավ. Իսահակյան» Երևան, «Դավիթ Բեկ» Կապան, «Բարեկամություն» Հունգարիա և այլն):Արվեստագետի հանրահայտ «Ղարաբաղցիներ» կոթողը դարձել է ազատ Արցախի խորհրդանիշը և տեղադրված է արցախյան գերբի, գրասենյակային կնիքների, մարտական շքանշանների վրա:





